Ինչո՞ւ է Հայ Առաքելական Եկեղեցին լռում «Գենդերային հավասարության» օրենքի ընդունման մասին


14:50 , 29 հուլիս, 2013

Մոտ մեկ տարի առաջ Ռուս Ուղղափառ Եկեղեցու ամենայն ռուսիո պատրիարք Կիրիլլը մոտ մեկ միլիոն մարդ հանեց փողոցներ՝ ի նշան բողոքի «Փուսի րայոթ» խմբի սկանդալային քայլի և դրան հետևած վանդալիզմի ակտերի դեմ:
Սրանից ամիսներ առաջ մենք ականատես եղանք, թե ինչպես վրաց պատրիարք Իլիա Երկրորդի մի խոսքով Վրաց Ուղղափառ Եկեղեցին հաշված օրերի ընթացքում տասնյակ հազարավոր հավատացյալ վրացիների փողոցներ դուրս հանեց՝ ընդդեմ Թբիլիսիում կազմակերպված գեյ շքերթի: Հանեցին ու հարամեցին շքերթը:
Օրեր առաջ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը հայտարարեց, որ հավատացյալները պետք է պայքարեն հանուն արդարության ու քրիստոնեական իդեալների և այդ պայքարը նաև պետք է մղեն փողոցներ դուրս գալով:
Հունիսի վերջերին մեր փառահեղ ԱԺ-ն վավերացրել է այսպես կոչված «Գենդերային հավասարության մասին» օրենքը (ի դեպ, թեմայից մի քիչ դուրս. այս օրենքին կողմ է քվեարկել նաև «հոմոֆոբ» Գալուստ Սահակյանը), որով ի թիվս այլ խայտառակ բաների սահմանվում է, որ գենդեր ասվածը սոցիալական երևույթ է, և ամեն մեկն ինքն է որոշում` ինչ գենդերի է: Ասել է թե` այս օրենքով ցանկացած արական սեռի ներկայացուցիչ կարող է հայտարարել, որ ինքն իրականում կին է, կամ հակառակը, կամ էլ հայտարարի, որ ինքը ոչ կին է, ոչ էլ տղամարդ...
Այս օրենքի վրա հասարակության ուշադրությունը դեռ պատշաճ կերպով չի բևեռվել՝ մասամբ անիրազեկության, մասամբ էլ խնդիրը չպատկերացնելու պատճառով, բայց զարմանալին այն է, որ մեր Եկեղեցին է տարօրինակորեն լռում: Ավելի ճիշտ` առանձին հոգևորականներ սոցիալական ցանցերում տարածում են այդ օրինագծի ընդունման մասին տեղեկություն ու տալիս են մոտավորապես նույն այն որակումը, որը ես արդեն նշեցի, բայց բուն Հայ Առաքելական Եկեղեցին` որպես առանձին ինստիտուտ, ոչ մի դիրքորոշում չի հայտնել ու առավել ևս ոչ մի քայլ չի ձեռնարկել:
Սա ինձ համար, մեղմ ասած, անհասկանալի է, ու ես չեմ հասկանում, թե ի՞նչն է խանգարում, որպեսզի երկրի հոգևոր առաջնորդը իր խոսքն ասի այս կապակցությամբ: Ակնհայտ է, որ այս օրենքը մեծ վտանգ է ներկայացնում, ու դա առաջին հերթին պետք է հասկանան երկրի հոգևոր կմախքը հանդիսացող ինստիտուտում ու կիրառական քայլեր ձեռնարկեն դրա դեմ, ոնց որ անում են քրիստոնեական քույր եկեղեցիները...