Ադրբեջանն արցախյան հեռախոսահամարով զանգեր է կատարում՝ հայերի շրջանում խուճապ առաջացնելու համար. ԱԱԾ հորդորը


10:38 , 2 հոկտեմբեր, 2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ստացված տեղեկությունների համաձայն, Արցախի Հանրապետության բջջային ցանցի՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված  097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։

ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միաժամանակ, շրջանառվում է նաև ձայնային հաղորդագրություն՝ կեղծ լուրեր տարածելով Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակի, գաղտնի քարտեզներ անհետանալու, զոհերի և տեղի բնակչության փախուստի վերաբերյալ:

Բացի այդ, հիշյալ հեռախոսահամարից, ոչ գրագետ հայերենով, հաղորդագրություններ են ուղարկվել բաժանորդներին և Ազգային անվտանգության ծառայության անունից խնդրել ցանկացած կասկածելի երևույթ նկատելու դեպքում զանգահարել այդ հեռախոսահամարով։

Ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է տուրք չտալ նմանատիպ երևույթներին, չպատասխանել նման կասկածելի հեռախոսազանգերի և հաղորդագրությունների: