Ո՞րն է բնակիչների և խոշոր սպառողների միջև գազի ոչ համարժեք թանկացման պատճառը, ինչու՞ են սպասարկվում օլիգարխների շահերը


14:15 , 29 հուլիս, 2013

Galatv.am-ը գրում է.
«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը galatv.am-ի հետ զրույցում խոսել է բնակիչների և խոշոր սպառողների միջև գազի ոչ համարժեք թանկացման պատճառների, օլիգարխների համար այս ոլորտում տրվող կամ բացառվող արտոնությունների մասին:

-Պարոն Հարությունյան, հուլիսի յոթից բարձրացավ գազի գինը, սակայն թանկացումը տարբեր ոլորտներում տարբեր է, մասնավորապես բնակչի կամ տնային տնտեսության համար այն 18% է,խոշոր սպառողների համար`13%, կասե՞ք նաևգազալցակայանների համար ինչքա՞ն է նախատեսված ու ինչո՞վ է պայմանավորված ոչ համարժեք թանկացումը:

-Գազալցակայանները համարվում են 10.000 խորանարդ մետրից ավելի սպառողներ և նույն դաշտում են գործում, ինչ-որ մնացած  սպառողները, որոնք ունեն 10.000 խորանարդ մետրից ավելի  գազի սպառում, ասինքն` արդյունաբերություն, էներգետիկա` նույն ոլորտներն են, ինչ-որ գազալցակայանները ու հետևաբար նույն գինն են վճարում:
Ինչ վերաբերում է ոչ համարժեք թանկացմանը, ապա երբ հանձնաժողով ենք ներկայացնում գազի թանկացման հետ կապված մեր հայտը, այնտեղ ոչ թե տարբերակում ենք արդյունաբերություն-բնակչություն, այլ ներկայացնում ենք ընդհանուր մեր շահագործման համար նախատեսված ծախսը:
Ներկայիս սակագնի մեջ այդ ծախսերը, այսպես ասած` մարժան, կազմում  է 70$, այսինքն` 189$ սահմանի վրա ֆիքսված գինը, գումարած 70$=259$ առանց ավելացված արժեքի հարկի, ԱԱՀ-ի հետ միասին կազմում է 311,58$. դա միջին սակագինն է: Ինչքան է արդյունաբերողների, այսինքն` 10.000 խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող մեր բաժանորդների սակագինը և ինչքան  է բնակչությանը, որը մտնում է մինչև 10.000 խորանարդ մետր սպառում ունեցողների դաշտը, դա արդեն որոշում է հանձնաժողովը: Ինչի՞ համար է տարբերակված, որովհետև բնակչության վրա մեր ունեցած շահագործման ծախսերն ավելի մեծ են. գործում են միջին ճնշման գազատարներ, բարձր ճնշումը մենք վերածում ենք միջին ճնշման, դա արտադրական պրոցես է, որից հետ բնակչին մատակարարելու համար` նաև ցածր ճնշման,  իսկ արդյունաբերական ձեռնարկությունները և ձեռնարկությունները, որոնք ունեն 10.000 խորանարդ մետրից ավելի սպառում, դրանք օգտվում են հենց միջին ճնշման գազատարներից ու շահագործման ծախսերի հաշվին բնական է, որ այն բաժանորդները, որոնք սնվում են ցածր ճնշման գազատարներից, իրենց սակագինը պիտի որոշակիորեն տարբերվի այն բաժանորդներից, որոնց վրա ծախսը ավելի քիչ է: Հիմա արդարացի չէր լինի չէ՞, երբ բնակչության վրա արված ծախսերը ներառեինք այն խմբի սպառողների վրա, որոնք ավելի քիչ ծախս են մեզանից պահանջում: Դա է տարբերակումը: Իսկ թե ինչո՞ւ մեկը 13% է թանկացել, մյուսը` 18%,  ասեմ, որ ընդհանուր թանկացումը 13% է եղել, եթե նայենք դոլար-դրամ փոխարժեքը 2010 թվականին և վերցնենք հիմա, կտեսնենք, որ այդ 4-5%-ը զուտ դոլար-դրամ փոխարժեքի տատանումից է, իսկ մենք մեր 10.000 խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող մեր բաժանորդներին միշտ վաճառել ենք դոլարով, այսինքն` տվյալ ամսվա դոլարային փոխարժեքով վաճառվել է, դրա համար այնտեղ փոփոխությունը ֆիքսված է 13%, իսկ այստեղ միջդրամային է եղել, գումարվել է նաև դոլարի փոխարժեքի տարբերությունը ու ստացվել է 18%:
Եթե ուզում եք նայել, թե որքանով է թանկացել միջին գինը, ապա 311,58 համեմատեք 286-ի հետ, որը եղել  է նախկինում: Կտեսնեք, որ մեծ տարբերություն չի լինի:

-Հասկանալի է, որ խոշոր սպառողին ավելի  հեշտ է գազ մատակարարել, քան բնակչին, դրանով էլ տոկոսային հարաբերությունը պարզ է, սակայն աշխարհի շատ երկրներում կա նման փորձ, որ բնակչին կամ տնային տնտեսության համար գազի սակագինն ավելի էժան է լինում, քան խոշոր սպառողի համար: Տնտեսագետներից մեկն այս խնդիրը վեր հանելով՝ բերեց Ուկրաինայի օրինակը, որտեղ գազ ստանում են 400$-ով, իսկ մեզ մոտ 180$-ով, սակայն այնտեղ բնակիչներին վաճառում են մինչև 2500 խորանարդի դեպքում 100$-ով, իսկ խոշոր սպառողներին կամ այսպես ասած օլիգարխներին` 700$-ով,ստացվում է, որ խոշոր սպառողին ավելի թանկ են վաճառում, քանի որ նաարդյունահանող է և բացի իր հիմնական աշխատավարձից եկամուտի այլ ունի:

-Իհարկե, իմ գործը չէ Ուկրաինայի շուկան վերլուծելը ու Ուկրաինայի տնտեսությամբ զբաղվելը, բայց ասեմ, որ այդ ինֆորմացիան ինչ-որ առումով թերի է, այո´, Ուկրաինան գնում  է գազը Ռուսաստանից  400$-ով, բայց Ուկրաինան ունի իր արդյունահանումը, իր սեփական գազն ունի, 400$-անոց գազը համարվում է կոմերցիոն գազ, որը վաճառվում է կոմերցիոն կառույցներին, իսկ իր բնակչության համար սահմանել է ներքին գին, իր սեփական ռեսուրսը իր որոշած գնով տրամադրում է բնակչությանը, եթե մենք էլ ունենայինք սեփական   ռեսուրս, համոզված եմ, որ մեր Կառավարությունն էլ նման կերպ կվարվեր:
Բացի այդ, Ուկրաինան ունի տրանզիտ, հիսուներեք միլիարդ խորանարդ մետրի սպառում ունի, մենք ունենք ընդամենը երկու միլիարդ խորանարդ մետրի սպառում: Անհամեմատելի թվեր են, այսօր  համեմատության եզրեր փնտրելը Ուկրաինայի հետ սխալ է, համեմատում ենք լրիվ տարբեր մեծություններ:

-Կարծում եք, որ մեզ մոտ գնային քաղաքականությունը ճի՞շտ է, և սոցիալական տարբեր խմբերի միջև համարժե՞ք է բաժանումը:

-Սոցիալական տարբեր խմբեր մեզ մոտ ֆիքսված չեն, մեզ մոտ ֆիքսված է արդյունաբերություն ու բնակչություն, բնակչությունը բոլորը սպառում են հարյուր հիսունվեց դրամ սակագնով գազ` անկախ սոցիալական խմբից, իսկ սոցիալապես անապահով ընտանիքներին տրվում է կոմպենսացիա Կառավարության կողմից, նախկին սակագնի դեպքում դա կազմում էր երեսուներկու դրամ, որ փոխհատուցվում էր Կառավարության կողմից. մինչև երեք հարյուր խորանարդ մետր սպառման դեպքում  անապահով բնակիչները վճարում են հարյուր դրամ, հիմա էլ  նույն մեխանիզմն  է  գործում: Անապահով ընտանիքները վճարելու են հարյուր դրամ, իսկ  տարբերությունը` հիսունվեց դրամը, փոխհատուցվելու է Կառավարության կողմից:
Սոցապ նախարարությունն է տրամադրում մեզ այդ ցուցակը, թե ովքեր են ընդգրկված այդ խմբում,   և իրենք վճարում են հարյուր դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ