Հրաժարականներ Պռոշյանում. ՀՀԿ-ական գյուղապետին կատարվածը չի հուզում


13:45 , 29 հուլիս, 2013

Galatv.am-ը գրում է.

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի գյուղապետարանի մի խումբ աշխատակիցներ հրաժարական են ներկայացրել եւ չեն ցանկանում աշխատել ՀՀԿ-ական գյուղապետ Արթուր Մուրադյանի հետ: Նրանք այս մասին հրապարակավ հայտարարել են հենց գյուղապետարանի դիմաց, որտեղ ամիսներ առաջ սպանվել էր նախկին գյուղապետ Հրաչյա Մուրադյանը: Լրագրողների հետ զրույցում ասել են, որ իրենց այս քայլին գնալու պատճառը սպանված գյուղապետի գործի`բացահայտված չլինելն է: Գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Լուսինե Պետոյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Այս քայլով մենք ուզում ենք մեր բողոքը հայտնել, գործը բացահայտված չէ, մենք չգիտենք, թե ովքեր են կանգնած այս ամենի ետեւում: Գործի քննության հետ կապված ես ավելին ասել չեմ կարող, կա անվստահության մթնոլորտ, քանի դեռ գործը բացահայտված չէ, իսկ սպանությունը ունի քաղաքական ենթատեքստ: Հրաչյա Մուրադյանին սպանել են, որովհետեւ նա իսկապես գյուղապետ էր»:

Իսկ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նորընտիր գյուղապետ Արթուր Մուրադյանի համար միեւնույն է, թե ինչու են գյուղապետարանի աշխատակիցները որոշել հրաժարական ներկայացնել:

 «Միանշանակ իրանց իրավունքն է, իրանց միտքն է, չգիտեմ, թե ինչու»,- ասել է նա: Հարցին, թե ձեզ դա չի հուզո՞ւմ, չէ՞ որ կա խնդիր, նա արձագանքել է. «Չգիտեմ` ինչ խնդիր կա: Ես եկել եմ ձեր հետ աշխատելու, ես մտադրություն  չեմ ունեցել, որ որեւէ մեկին հանեմ»: Արթուր Մուրադյանը չի կարողացել ասել, թե ինչն է եղել իրական պատճառը եւ արդյոք հրաժարականները պայմանավորված են իր կուսակցական պատկանելիությամբ:

Ինչո՞ւ չեն ուզում ձեզ հետ աշխատել հարցին Ա. Մուրադյանը պատասխանել է. «Երեւի չեն ուզում, իսկ դա ինձ երբեւէ չի մտահոգում: Ես իրանց առաջարկել եմ, որ ձեզ հետ ուզում եմ աշխատել, դուք իմ գյուղացիներն են: Ես ուզում եմ միանալ ձեզ, որ գյուղի համար աշխատենք»:  Ընդունո՞ւմ են ձեզ պռոշյանցիները հարցին ասել է. «Չեն ուզում` չեն աշխատում: Իրանք հայտարարություն են արել, որի մասին ես տեղյակ չեմ եղել: Եթե ուզում են, թող մնան աշխատեն: Որեւիցե մեկն էլ չի եկել ու չի ասել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ