20:44 , 29 հուլիս, 2013Aysor.am-ը գրում է.
Արցունքը սովորաբար առաջանում է հոգեկան ծանր պահերին և այս պարագայում քչերը գիտեն, որ այն շատ առողջարար հատկություններ ունի:
Հետազոտությունները ցույց են տվել, որ արցունքները պարունակում են լիզոցիմ սպիտակուցը, որը վնասազերծում է բացիլները:
Երևի թե դա էր պատճառը, որ հին աշխարհում կանայք սովորություն ունեին հավաքել իրենց արցունքները հատուկ անոթներում, իսկ հետո խառնել դրանք վարդաջրի հետ և օգտագործել բուժիչ նպատակներով:
Արցունքային հեղուկի մեջ կան նաև էնդորֆիններ, որոնց արտադրությունը ուժեղանում է ծիծաղի ժամանակ: Սա է պատճառը, որ արցունքները թեթևացնում են ֆիզիկական և հոգեկան տառապանքները` օրգանիզմից հեռացնելով այն նյութերը, որոնք առաջանում են նյարդային լարվածության պահին:
Ֆիզիոլոգիական տեսանկյունից գոյություն ունեն 3 տեսակի արցունքներ:
Առաջիններն անընդհատ անջատվում են մեր աչքերից շատ փոքր քանակով և պաշտպանում են աչքերը փոշուց, բակտերիաներից:
Երկրորդ տեսակի արցունքները տեսնելու համար բավական է սոխ կտրատել: Ցանկացած առողջ մարդու մոտ սոխ կտրատելուց առանձնանում են ռեֆլեկտորային արցունքներ, իսկ երրորդ տեսակի արցունքները զգացմունքային արցունքներն են:
Այս երեք տեսակներն իրարից խիստ տարբերվում են քիմիական բաղադրությամբ, իսկ զգացմունքային արցունքները կարելի է տարբերել նույնիսկ հոտով: Միայն մարդուն հատուկ արցունքի այս տեսակը թույլ է տալիս թեթևանալ հոգեկան բարդ իրավիճակներում:
Հետաքրքիր է, որ արցունքի արտադրությունը նվազում է տարիքի հետ. 55-ից բարձր մարդկանց 20% -ը տառապում է աչքի չորությունից: