Ախալցխայի հայ համայնքը պահանջում է բացել հայ-վրացական սահմանը՝ Արցախ գնալու և հումանիտար օգնություն ուղարկելու համար


19:55 , 29 սեպտեմբեր, 2020

Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում այսօր  հայ համայնքը հավաք է իրականացրել՝ հայ-վրացական ցամաքային սահմանը բացելու պահանջով:

Առաքելական և կաթոլիկ եկեղեցու հետևորդները նախ աղոթել են սահմանին զոհված ու կռիվ տվող երիտասարդների համար: Հոգևորականներ նախ կոչ են արել հանգստություն պահպանել, այնուհետև քննարկել քայլերի հաջորդականությունը:

Հավաքի հիմանական նպատակն է եղել քննարկել քայլերը, որպեսզի հասկանան, թե ինչպես կարող են հասնել Հայաստան ու ուղևորվել Արցախ:

«Պետք է հասկանալ, թե ինչ քայլեր պետք է  անենք, որպեսզի օգնության հասնենք Արցախին: Մենք որքանով տեղյակ ենք, երեկ Ախալքալաքից հումանիտար օգնություն են ուղարկել Արցախ, սակայն դա դեռ ամենը չէ»,-տեղի լրատվամիջոցին հայտնել է հավաքի մասնակիցներից մեկը:

Մասնակիցներից մեկն էլ ասաց, որ սա ազգային հարց է, և Ախալցխան միշտ եղել ու լինելու է հայկական բանակի կողքին:

Հիշեցնենք, որ մարտ ամսից հայ-վրացական սահմանը շարունակում է փակ մնալ: Հայաստանն իր հերթին Վրաստանի հետ ցամաքային սահմանը փակ է պահում մինչև կարանտինի ավարտը՝ 2021 թվականի հունվարի 11-ը: