Շատերը կասեն՝ «Վա՞խտ ես գտել», բայց պետք է գրեմ. հիշենք, որ անտեր վիրուսը ոչ մի տեղ չի գնացել, չի անհետացել


10:28 , 29 սեպտեմբեր, 2020

ԿԱՐԵՎՈՐ, որը, գիտեմ, շատերի դուրը չի գա, շատերը կասեն. «Վա՞խտ ես գտել», բայց պետք է գրեմ...

Հիշենք, որ անտեր վիրուսը ոչ մի տեղ չի գնացել, չի անհետացել։ Հասկանալի է, որ թեժ է, հասկանալի է, որ խառն է ամեն ինչ, ժամանակ չկա կորոնա-դիմակ ու նման «հիմարությունների» մասին մտածելու, բայց հաշվի առեք, որ.

• Ռազմական գործողությունները կարող են դեռ երկար շարունակվել։

• Վիրավորներ կան և լինելու են, այդ թվում՝ ծանր, և հիվանդանոցային տեղերի լուրջ խնդիր է առաջանալու։

• Մարդկանց կուտակումները, որտեղ ոչ ոք սոցիալական հեռավորություն չի պահում, իրար վրա գոռգոռալով թեժ քննարկումները, այս ամենը նպաստում է վիրուսի տարածմանը։

• Ոստիկանությունը հիմա, բնականաբար, դիմակներով չի զբաղվելու, իրենք էլ են շատ խառը։

Այս ամենը նշանակում է, որ 2-3 շաբաթից կարող ենք ահավոր արագ աճ ունենալ վարակումների, ընդ որում, ոչ միայն քաղաքացիականների մեջ, այլև բանակում։ Պատկերացնում եք, չէ՞, հոգնած-չքնած զինվորներին մի հատ էլ վարակ կպնի։

Մի խոսքով՝ այսօր առավել ևս կարևոր է բոլոր նախազգուշական, պաշտպանական միջոցառումները խստորեն պահպանելը։ Այդ թվում՝ և այդ անտեր դիմակները։