ՌԴ ԱԳՆ-ն արտաքին և ներքին խաղացողներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել՝ ԼՂ իրավիճակի հարցում


13:48 , 28 սեպտեմբեր, 2020

Մոսկվան կոչ է անում արտաքին և ներքին բոլոր խաղացողներին առավելագույն զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Կոչ ենք անում բոլոր արտաքին և ներքին խաղացողներին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, այդ թվում՝ հռետորաբանության առումով: Այժմ կարևոր է առավելագույնս զգույշ լինել՝ անմիջապես հրադադարի ռեժիմի հասնելու և կողմերին բանակցային սեղան վերադարձնելու համար»,-ասել է նա:

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, 1991 թվականից ակտիվ մասնակցում է այս գործընթացին: «Մենք մտադիր ենք շարունակել կապերը բոլոր գործընկերների հետ»,-ասել է փոխարտգործնախարարը: