«Այսօր մինչև ժամը 5-ը ժամանակ է տրվել, որպեսզի մարդկանց հետ խոսեն և ներկայանան հավաքատեղի». Չարենցավանում զորահավաք է


16:04 , 27 սեպտեմբեր, 2020

Hraparak.am-ը գրում է․

Ինչպես հայտնի է, հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվել է զորահավաք: Չարենցավանում ևս զորահավաք է, արդեն ցուցակագրել են Նրանց, որոնք պետք է հրավիրվեն հավաքատեղի` ավտոբուսներով մեկնելու սահման:

Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ հանձնարարվել է արդեն Չարենցավան համայնքի մեջ մտնող բոլոր վարչական շրջանների ղեկավարներին, այլ կերպ ասած` գյուղապետերին, նաև համատիրությունների կառավարիչներին, որպեսզի կազմակերպեն մոբիլիզացիան:

«Այսօր մինչև ժամը 5-ը ժամանակ է տրվել, որպեսզի մարդկանց հետ խոսեն և ներկայանան հավաքատեղի, որը Չարենցավանի մշակույթի տունն է»,-ասաց պարոն Շահգալդյանի:

Նաև նշեց, որ արդեն պայմանավորվել են Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող ընկերության հետ, որ տրամադրեն ավտոբուսներ` զինապարտներին տեղափոխելու սահման: 

Քաղաքապետը նաև նշեց, որ արդեն ԵԿՄ-ի Չարենցավանի տարածքային կառույցից մի խումբ պատրաստ է, որ մեկնի Վարդենիս, իսկ տեղի դաշնակցականներից կազմված մի խումբ էլ արդեն մեկնել է առաջնագիծ: