Չինուհու գլխում երկու մետաղական ասեղ է հայտնաբերվել, սակայն երիտասարդ կինը պատկերացում չունի՝ ինչպես են դրանք հայտնվել այնտեղ


00:34 , 27 սեպտեմբեր, 2020

Երիտասարդ չինուհին, որը թեթև ավտովթարի ենթարկվելուց հետո համակարգչային շերտագրություն է անցել, պարզել է, որ երկու մետաղական ասեղ կա գլխուղեղում խրված:

Ինչպես հայտնում է Oddity Central-ը, Չժենչժոու քաղաքի 29-ամյա բնակչուհուն ավտովթարից հետո խորհուրդ են տվել բուժզննում անցնել՝ պարզելու համար՝ արդյոք գլուխը վնասվել է, թե ոչ: Վթարի հետևանքով նրա մոտ որևէ վնասվածք չի հայտնաբերվել, սակայն հետազոտությունը ցույց է տվել կնոջ գլխում հայտնված ասեղները:

Ասեղների երկարությունը մոտավորապես 5 սմ է կազմում, իսկ տրամագիծը՝ 4,9 մմ: Ասեղները չէին կարող ավտովթարի հետևանքով այնտեղ հայտնված լինել, քանի որ գլխամաշկի կամ գանգոսկրի որևէ նկատելի վնասվածք չի հայտնաբերվել:

Զարմանալիորեն չինուհին չի կարողացել որևէ դեպք մտաբերել, երբ գլխի լուրջ վնասվածք ստացած լիներ իր կյանքում:

Բժիշկների կարծիքով՝ ասեղները պատահաբար կամ միտումնավոր ներդրվել են նրա գլխում, երբ վերջինս շատ փոքր է եղել, քանի որ դատելով դրանց տրամագծից՝ ասեղները չէին կարող ծակել ամբողջությամբ զարգացած գանգը: Բացի այդ, նա ոչ մի միջադեպ չի հիշում և նշում է, որ երբևէ ցավ չի զգացել: