Տպավորությունն այնպիսին է, թե վարչապետը այնպիսի մի «բորշ» է եփել, որի տակից չի կարողանում դուրս գալ և որի հետևանքները կարող են չափազանց ծանր լինել


22:35 , 26 սեպտեմբեր, 2020
Իհարկե անհեթեթ է Նիկոլ Փաշինյանին դավաճանության մեջ մեղադրելը։ Ընդհանրապես քաղաքականության մեջ հերոս և դավաճան կատեգորիաները ընդունելի չեն, դրանք մի փոքր այլ ժանրից են և կապ չունեն գետնի վրա տեղի ունեցող զարգացումների հետ։
Բայց ասվածից պետք չի ենթադրել, թե հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ամեն ինչ կարգին է։ Ավելին՝ ոչինչ հստակ չէ և վառոդի հոտ է գալիս։
Տպավորությունն այնպիսին է, թե վարչապետը այնպիսի մի «բորշ» է եփել, որի տակից չի կարողանում դուրս գալ և որի հետևանքները կարող են չափազանց ծանր լինել։
Չգիտեմ, թե որն է այդ «բորշի» բուն էությունը։ Սա միայն ենթադրություն է, որի վտանգավորության հավաստիությունը հիմնավորվում է տարածաշրջանային դերակատարների վարքագծով։ Դերակատար ասելով առաջին հերթին նկատի ունեմ ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին և նրանց խորհրդավոր դիրքավորումը, եկրկորդ՝ Թուրքիայի մտահոգիչ հայտարարություններն ու ադրբեջանական զորքերի անհանգիստ տեղաշարժերը շփման գծում և թիկունքում։
Վերոհիշյալ բորշի վտանգավորությունը պայմանավորվում է հատկապես չորս կետերով․
1. Բանակցային ֆորմատի արժեզրկում
2. Հայ-ռուսական դաշնակցայինփոխհարաբերությունների վտանգում
3. Ռազմական գործողությունների բռնկում
4. Ներքաղաքական ապակայունացում
Կարծում եմ այս չորս կետերից ամենից վտանգավորը առաջինն է, քանի որ դրանից ավելի արդյունավետ ֆորմատ դժվար թե հնարավոր լինի ունենալ։