Չինաստանը պետք է շարունակի բացել իր շուկաները եւ ֆինանսական ոլորտը` համաշխարհային մեկուսացումից խուսափելու համար


18:37 , 26 սեպտեմբեր, 2020

News.am-ը գրում է.

Չինաստանը պետք է շարունակի բացել իր շուկաները եւ ֆինանսական ոլորտը` համաշխարհային մեկուսացումից խուսափելու համար, ասել է Պետական արտարժույթային խորհրդի (SAFE) փոխտնօրեն Լու Լեյը, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով` Չինաստանը հավատարիմ կմնա միջազգային կանոններին` կապիտալի շուկաների ինտեգրումը խթանելու եւ կայուն եւ խելամիտ կերպով տոկոսադրույքների եւ փոխարժեքների բարեփոխմանը նպաստելու համար: «Չինաստանը պետք է ավելի բարձր մակարդակի բացություն օգտագործի` շրջափակման եւ զսպման ռիսկերին դիմակայելու եւ համաշխարհային ֆինանսական համակարգին ակտիվորեն ինտեգրվելու համար»,- ասել է նա:

Պաշտոնյան հայտարարել է, որ Չինաստանը ձգտում է վերանայել իր ուղղակի եւ օտարերկրյա ներդրումների սխեմաների կանոնները` անդրսահմանային մասնավոր ներդրումները խթանելու համար: Նա նաեւ խոստացել է բարձրացնել փոխարժեքի ճկունությունը` փոփոխականությունը տնտեսության եւ միջազգային վճարների հաշվեկշիռում մեղմելու համար:

Ուրբաթ օրը Չինաստանը քայլեր էր ձեռնարկել` կապիտալի իր շուկաներին օտարերկրյա մուտքերն էլ ավելի հեշտացնելու համար` պաշտոնապես միաձուլելով երկու հիմնական մուտքային ներդրումային սխեմաները եւ ընդլայնելով արտասահմանյան ինստիտուցիոնալ ներդրումների հնարավորությունները: