ICAO-ն Պակիստանին խորհուրդ է տվել դադարեցնել օդաչուներին նոր լիցենզիաներ տալը


21:55 , 25 սեպտեմբեր, 2020

News.am-ը գրում է.

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) Պակիստանին խորհուրդ է տվել ձեռնարկել «անհապաղ շտկող գործողություններ» եւ դադարեցնել օդաչուներին նոր լիցենզիաներ տալ կեղծված լիցենզիաների հետ կապված սկանդալից հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

ICAO-ի հանձնարարականն ի հայտ է եկել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Պակիստանը քրեական հետաքննություն է սկսել 50 օդաչուների եւ քաղաքացիական ավիացիայի 5 պաշտոնատար անձանց դեմ, որոնք նրանց օգնել են տվյալները կեղծել օդաչուի վկայական ստանալու համար։

«Պակիստանը պետք է բարելավի եւ ամրապնդի իր լիցենզավորման համակարգը՝ երաշխավորելու համար, որ մինչեւ նոր լիցենզիաներ տալը եւ կասեցված լիցենզիաների արտոնությունների վերականգնումը այն հաշվի է առնում բոլոր անհրաժեշտ գործընթացներն ու ընթացակարգերը եւ կանխում անհամապատասխանություններն ու չարաշահումները»,- նշված է ICAO-ի նամակում։

Պակիստանի ավիացիայի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ երկիրը սկանդալից հետո հուլիսից նոր լիցենզիաներ չի տվել։

Օդաչուների հետ կապված սկանդալը հարված է հասցրել Պակիստանի ավիացիոն արդյունաբերությանը եւ վնաս պատճառել Պակիստանի International Airlines (PIA) ավիափոխադրողին, որին արգելել են թռիչքներ կատարել Եվրոպա եւ ԱՄՆ։

Բացի 50 օդաչուների լիցենզիաները հետ կանչելուց, Պակիստանը մեկ տարում հեռացրել է եւս 32 օդաչուի։