Ո՞րն է եղել պատմության առաջին երաժշտական գործիքը. պատմաբանները մի քանի վարկած են առաջ քաշում


22:45 , 25 սեպտեմբեր, 2020

Մարդու կյանքում արվեստը մեծ դեր ունի, այդ թվում՝ նաև երաժշտությունը։ Անհնար է աշխարհն առանց երաժշտության պատկերացնելը, քանի որ այն մեզ ուղեկցում է ամենուր։

Համաձայն առասպելի՝ առաջին փողային երաժշտական գործիքը ստեղծել է դաշտերի, անտառների ու անասունների հույն աստված Պանը։ Զբոսնելով գետի ափին՝ նա մի ցողուն է պոկել և պատահաբար փչել դրա միջով։ Պարզվել է՝ ցողունն ունակ է գեղեցիկ հնչյուններ արտաբերելու։ Այնուհետև աստվածը մի քանի ցողուն է պոկել, ամրացրել իրար և ստացել փողային երաժշտական գործիք։

Համաձայն մեկ այլ առասպելի՝ Պանի հայրը՝ առևտրականների հովանավոր Հերմեսը, առաջին լարային երաժշտական գործիքն է ստեղծել՝ լիրուն։ Դրա համար նա իրար է միացրել կրիայի պատյանը և այծքաղի եղջյուրը՝ կապելով դրանք բարակ թելերով։

Թե որն է իսկապես եղել ամենաառաջին երաժշտական գործիքը պատմության մեջ՝ ասելն անհնար է։ Ամենայն հավանականությամբ երաժշտական արվեստը միաժամանակ զարգացել է մի քանի մայրցամաքում։

Հին հույները կարծում էին, որ առաջին երաժշտական գործիքը եղել է ֆլեյտան։ Կատարվել են պեղումներ 2009 թ., որի արդյունքները ցույց են տվել, որ Գերմանիայի Հոլս Ֆելս քարանձավում հայտնաբերված հնագույն ֆլեյտան արդեն 40 հազար տարվա պատմություն ունի։ Այսօր այն համարվում է հայտնաբերված հնագույն երաժշտական գործիքը։ Առաջին ֆլեյտայի երկարությունը մոտ 20 սմ է եղել, իսկ լայն հատվածի տրամագիծը՝ 8 մմ։ Ստացվում է, որ շուրջ 40 հազար տարի առաջ մոլորակը բնակեցրած նեանդերթալացիները ևս երաժշտություն են լսել։

Որոշ պատմագետներ առաջ են քաշում այն վարկածը, որ առաջին երաժշտական գործիքը եղել է թմբուկը, որը պատրաստվում էր էվկալիպտից ու կավից։ Միջագետքի տարածքում կատարված պեղումների արդյունքում հայտնաբերվել են հաստ գլաններ, որոնք երաժշտական ձայներ են հանում։ Հնագույն պեղումը թվագրվում է մ.թ.ա. VI հազարամյակին։

Աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ սովորել են երաժշտական գործիքներով մեղեդիներ ստեղծել։ Որոշ գործիքներ մնացել են անցյալում՝ միաժամանակ շատ պետությունների մշակույթներում մեծ դեր ունենալով։