«Սա քաղաքական ընտրություն և քաղաքական հայացքների պայքար չէ, փոքր ընթացակարգ է». Հրայր Թովմասյանը` ՍԴ նախագահի ընտրության մասին (Video)


12:13 , 24 սեպտեմբեր, 2020

«Որևէ դատավորի հետ որևէ թեկնածություն չեմ քննարկել, կարող եմ ենթադրել, որ ՍԴ որոշակի անդամներ միմյանց հետ որոշակի քննարկումներ ունենում են, ես այդ ամբողջից տեղյակ չեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի և նրա տեղակալների այսօր կայանալիք ընտրությանը՝ ավելացնելով, որ քվեարկությունը գաղտնի է լինելու և չի հանրայնացվելու, թե ով ինչպես է քվերակել:

«Այս գործընթացը դարի հարց մի դարձրեք, որովհետև Սահմանադրական դատարանի նախագահն իր հիմնական ֆունկցիան իրականացնելիս ոչնչով չի տարբերվում ՍԴ մյուս դատավորներից: Նախագահն ունի մի առաքելություն՝ ՍԴ-ի բնականոն գործունեությունն ապահովվելը, և հարցադրումները, ընտրությունն էլ պետք է կատարվեն այդ ասպեկտով: Սա քաղաքական ընտրություններ և քաղաքական հայացքների պայքար չէ, նույնիսկ անձերի պայքար չպետք է դիտարկել, փոքր պրոցեդուրա է»,- նշեց նա:

Հարցին, թե կո՞ղմ է, որ ՍԴ նախագահը լինի ՍԴ նոր անդամներից, Հրայր Թովմասյանը նշեց, որ իր քվեարկությունը կատարելիս առաջնորդվելու է երեք գործոնով՝ հաշվի է առնելու պրոֆեսիոնալ և մարդկային հատկանիշները, որ տվյալ անձը ունակ լինի ՍԴ-ում ապահովելու այնպիսի մթնոլորտ, որը հնարավորություն կտա մյուս անդամներին աշխատել, և երրորդ գործոնը վարչական և կազմակերպչական ունակություններն են:

Հարցին, թե ՍԴ-ի շուրջ տեղի ունեցած գործողություններից հետո արդյո՞ք հեշտ է իր համար աշխատանքը ՍԴ-ում շարունակելը, Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ իր գործունեության, մասնակցության վերաբերյալ հստակ որոշում դեռ չունի, կախված է իրավիճակից և հանգամանքներից:

Անդրադառնալով երեկ ժամեր տևած նիստին՝ Հրայր Թովմասյանը նշեց, որ ՍԴ-ում այս պահին երեք նոր անդամ կա, որոնց չեն ճանաչում, և նրանց ճանաչելու, հարցեր տալու կարիք կա, իսկ երեկ առարկայական քննարկում չի եղել, սակայն ենթադրում է, որ կլինի մի քանի թեկնածու: