Անտարկտիդայում հայտնաբերել են հնագույն կենդանու, որն արտասովոր տեսք է ունեցել և երկար քուն է մտել


20:30 , 24 սեպտեմբեր, 2020

Հարվարդի համալսարանից ողնաշարավորներին ուսումնասիրող հնէաբան Մեգան Ուիթնին և կենսաբան Քրիստիան Սիդորը Վաշինգտոնի համալսարանից հետազոտել են 250 միլիոն տարեկան մնացորդներ և ապացույցներ գտել այն մասին, որ Lystrosaurus տեսակի կենդանիներն իրենց գոյության ժամանակ քնել են այնպես, ինչպես այսօր քնում են արջերն ու չղջիկները։

Լիստրոզավրերը սինապսիդների դասին են պատկանում, որոնք ավելի հայտնի են որպես կենդանանմաններ կամ թերոմորֆեր։

Մետաբոլիզմի արագության փոփոխությունները քարացած ոսկրերի միջոցով պարզել հնարավոր չէ, սակայն չորքոտանի լիստոզավրը, որը խոզի չափսեր է ունեցել, ունեցել է նաև զույգ ժանիքներ, որոնք անդադար աճել են ողջ կյանքի ընթացքում՝ կենդանու կենսակեպի մասին տեղեկություններ թողնելով։

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները նկատել են, որ կենդանին ցածր հասակ է ունեցել, ինչը հնում բնորոշ էր միայն Անտարկտիդայում բնակվող կենդանիներին։ Իսկ ատամների դասավորությունը վկայում է այն մասին, որ կենդանին ժամանակ առ ժամանակ երկար քուն է մտել։

Հարավային բևեռում բնակվող կենդանիների համար երկար քունը կարևոր էր, քանի որ նրանք չեն կարողանում տանել եղանակային խիստ ու կտրուկ փոփոխությունները և հարմարեցնել իրենց կենսակերպը դրան։ Շատ հնարավոր է, որ լիստոզավրը նման միակ կենդանին չի եղել։

Գիտնականները շարունակում են փորձել ավելի շատ բան իմանալ այն մասին, թե ինչ սկզբունքներով է գործում կենդանիների երկար քունը և ինչպես է սկսվում նրանց մոտ։ Եթե նրանք կարողանան պարզել, թե ինչպես է հնարավոր կենսաբանական նույն հնարքն անել նաև մարդկանց վրա, դա կկարողանա օգնել պայքարել մի շարք հիվանդությունների դեմ։

«Սառնարյուն կենդանիները հաճախ ամբողջությամբ դադարեցնում են իրենց մետաբոլիզմը տարվա ծանր եղանակին, սակայն էնդոթերմիկ կամ տաքարյուն կենդանիները, հայտնվելով երկար քնի մեջ, դրա ընթացքում պարբերաբար կարողանում են ակտիվացնել մետաբոլիզմը»,- նշում է գիտնականներից մեկը։