Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը՝ Բունդեսլիգայի չեմպիոն


17:42 , 22 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է.

Հայ շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը «Բադեն-Բադենի» կազմում դարձել են Գերմանիայի թիմային առաջնության` Բունդեսլիգայի չեմպիոն։

Մրցաշարը տեղի ունեցավ սեպտեմբերի 16-20-ը Կարլսրուե քաղաքում։ «Բադեն-Բադենը» 7 տուրերում հաղթեց բոլոր մրցակիցներին։

Արոնյանը 4 պարտիա անցկացրեց մրցաշարում և բոլոր 4 պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքի: Մովսեսյանը 3 պարտիա անցկացրեց՝ բոլորն ավարտելով հաղթանակով:

Հիշեցնենք, որ Արոնյանը մասնակցում էր նաև St Louis Rapid & Blitz առցանց մրցաշարին, որտեղ զբաղեցրեց 4-րդ տեղը:

Նշենք, որ գերմանական ակումբը վերջին 15 տարվա մեջ 14-րդ անգամ դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն։