Հանրահավաք անցկացնելու մասին լուրերից ժամեր անց շրջանառության մեջ դրվեց թեզը, որ Գագիկ Ծառուկյանն առաջիկա օրերին կկալանավորվի


16:07 , 22 սեպտեմբեր, 2020
«Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների կողմից հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք անցկացնելու վերաբերյալ տեղեկատվության տարածումից ընդամենը ժամեր անց իշխանական քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց այն թեզը, որի համաձայն՝ առաջիկա երկու օրերի ընթացքում Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի: Իսկապես ցավալի է, որ հնչող քննադատությունների վերաբերյալ իշխանությունների հակափաստարկներն այնքան թույլ, սին ու դատարկ են, որ ամեն անգամ գործի է դրվում քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու այլևս իրենց համար սիրելի դարձած կալանավորման գործելաոճը: Մարդկանց կալանավորելով երկրի առջև ծառացած խնդիրները չեն լուծվելու, հարյուրհազարավոր ընտանիքների սոցիալական վիճակը չի բարելավվելու, արտաքին պարտքը չի փակվելու, ներդրումներ չեն գալու, ու աշխատատեղեր չեն ստեղծվելու: Իշխանություններն այլևս դարձել են կանխատեսելի իրենց փոքրոգի պահվածքով, երբ անգամ հանրահավաքի անցկացման վերաբերյալ մեկ հայտարարությունից ընկնում են ցնցակաթվածի մեջ: Անհավասարարակշիռ ու քինախնդիր վարքագիծն այլևս իշխանությունների ձեռագիրն է դարձել: