Գտնվել է հնագույն գրավոր հիշատակումը Հիսուս Քրիստոսի մասին. Իսրայելում կարևոր հնագիտական պեղումներ են իրականացվել


22:45 , 22 սեպտեմբեր, 2020

Հնագիտական իրական հրաշք է հայտնաբերվել հնագույն Մեգիդո քաղաքում, որը գտնվում է Իսրայելում։ Գտնվելով Երուսաղեմից 31 կմ հեռավորության վրա՝ Մեգիդոն հայտնի է դարձել բրոնզե դարում, ապա դարձել է արքայական քաղաք Իսրայելի թագավորությունում։ Այսօր նախկին հզոր քաղաքից շատ բան չի մնացել, սակայն այն դեռ գոյություն ունի և կոչվում է Թել Մեգիդո կամ Թել ալ-Մութեսելիմ։

Հատկանշական է, որ 2005 թ. դժբախտ պատահարից հետո հայտնաբերվեց երկու օբյեկտ, այդ թվում՝ Սուրբ հողում երբևէ գտնված հնագույն եկեղեցին։ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Շաստի անվան աստվածաշնչյան քոլեջի ու ասպիրանտուրայի պրոֆեսոր Թոմ Մեյերի խոսքերով՝ բացահայտված երկրորդ օբյեկտը կարող է լինել Հիսուս Քրիստոսի մասին երբևէ արված առաջին հիշատակումը։

Համարվում է, որ եկեղեցին կառուցվել է մ.թ.ա. 3-րդ դարում՝ Քրիստոսի մահից ու հարություն առնելուց մոտ 200 տարի անց, այսինքն՝ 100 տարի առաջ այն բանից, երբ Բյուզանդական կայսրությունը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն։

Եկեղեցին բացահայտելու ժամանակ Թել Ավիվի համալսարանի հնագետ Յոթամ Թեպերն ասել է. «Այսօր արդեն պարզ է, որ դրանք Իսրայելում ամենահին եկեղեցու մնացորդներն են, միգուցե նաև ողջ տարածաշրջանում։ Աշխարհի մասին խոսելը դեռ վաղ է»։

Եկեղեցու բացահայտումը ողջունել և դրան անդրադարձել են նաև Վատիկանի հոգևորականները։ Արքեպիսկոպոս Պիետրո Սամբին, ով Երուսաղեմում Վատիկանի դեսպանն է, ասել է. «Նման բնույթի բացահայտումը Իսրայելն էլ ավելի հետաքրքրական է դարձնում աշխարհի բոլոր քրիստոնյաների համար, եկեղեցու համար։ Եթե ճշմարտությունն այն է, որ եկեղեցին ու դրա հատակը ծածկող գեղեցիկ ու խորհրդանշական խճանկարները թվագրվում են երրորդ դարին, ապա ստացվում է, որ եկեղեցին հնագույններից մեկն է ողջ Մերձավոր Արևելքի տարածքում»։

Բացահայտումից հետո իսրայելական իշխանությունները դադարեցրել են Մեգիդոյից քիչ հեռու գտնվող բանտի տարածքի ընդարձակման գործընթացը։