«Պետք է հաշվի առնել, որ սա Խոդորկովսկու կողմից ֆինանսավորվող լրատվամիջոց է, և պարզ է, որ ունի երանգավորվածություն». Սամվել Մարտիրոսյան


21:11 , 19 սեպտեմբեր, 2020

168.am-ը գրում է.

Կրեմլի և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ քննադատ, արտասահմանում բնակվող ռուս մեծահարուստ Միխայիլ Խոդորկովսկուն պատկանող «Դոսյե» կենտրոնի պատրաստած հետաքննական զեկույցը՝ «Ինչպե՞ս է Ռուսաստանը միջամտում հարևան երկրների ներքին քաղաքականությանը», արդեն մի քանի օր է՝ համացանցում ակտիվ քննարկման առիթ է դարձել: Զեկույցի չորրորդ մասը, որը վերնագրված է ««Մորուքը» Երևանից և փափուկ ուժը՝ Բաքվում», վերաբերում է Հայաստանին:

Հետաքննության հեղինակները նշում են, որ ուսումնասիրել են տասնյակ գաղտնի փաստաթղթեր, վերլուծական զեկույցներ և օպերատիվ ամփոփագրեր, որոնք նրանց տրամադրության տակ են հայտնվել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության գեներալ Վլադիմիր Չերնովի քարտուղարությունից:

Հրապարակման համաձայն՝ Չերնովը տարածաշրջանում իր ամենամեծ հաջողություններին հասել է Հայաստանում, որտեղ գործում է «Ռուսաստանի բարեկամների» մի ամբողջ ցանց՝ հրապարակային և ընդհատակյա գործող, և նրանք հիմնավորվել են գրեթե բոլոր պետական կառույցներում: Իսկ որքանո՞վ է արժանահավատ այդ զեկույցը: Այս հարցին 168.am-ի հետ զրույցում Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց.  

«Փաստաթղթերի քանակը ու որակը թույլ է տալիս ասել, որ առնվազն մի մասը ռեալ է: Այստեղ պետք է հաշվի առնել մի քանի բան, առաջինը, որ սա Խոդորկովսկու կողմից ֆինանսավորվող լրատվամիջոց է, և պարզ է, որ ունի երանգավորվածություն: Այստեղ միայն փաստերի հարցը չէ, այլ նաև լրագրողի մեկնաբանությունն է կարևոր:  Այնտեղ յուրահատուկ երանգներ կան, դա էլ պետք է հաշվի առնել: Քանի որ անհայտ է աղբյուրը, այսպիսի դեպքերում կա հավանականություն, որ այդ քանակի իրական փաստաթղթերի մեջ ներդրված լինեն միտումնավոր կեղծ փաստաթղթեր: Գլոբալ առումով, կարծում եմ՝ կեղծել այդ քանակի ու այդքան ճշգրտությամբ ինֆորմացիա՝ կապված տարբեր երկրների ներքին խոհանոցի հետ, գրեթե անհնարին է, տեսականորեն հնարավոր է, բայց իմաստ չկա, և շատ ծավալուն գործ է: Կարծում եմ՝ տեղեկատվության առնվազն մեծ մասը ճշգրիտ է: Ուղղակի պետք է կարդալուց ֆիքսել, որ այնտեղ ոչ միայն փաստաթղթեր կան, այլ նաև լրագրողի վերաբերմունքը»,- ասաց Մարտիրոսյանը:

Ըստ «Դոսյե»-ի ուսումնասիրած փաստաթղթերի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետևում է ոմն Մաքսիմովա, ով էլ տեղեկատվություն է փոխանցում նրա մասին: Նրանից բացի, Փաշինյանի մասին Կրեմլին տեղեկատվություն է հաղորդում նաև «Կանդիդատ» ծածկանվամբ հանդես եկող գործակալը:

Մեր հարցին, թե սա կարո՞ղ է վտանգ սպառնալ ՀՀ անվտանգությանը, Մարտիրոսյանը դրական պատասխան տվեց:

«Իհարկե, սպառնում է, ինչպե՞ս կարող է չսպառնալ: Մեր Ազգային անվտանգության ծառայությունն անելիք ունի, բայց գլոբալ առումով մենք ռեֆորմներ անելու կարիք ունենք ԱԱԾ-ում՝ հասկանալու իր կառուցվածքը, նաև օպերատիվ աշխատակիցների կրթության խնդիրը լուծել, որովհետև ինքնուրույն չենք կարողանում պատրաստել կադրեր շատ ուղղություններով, իսկ դա արդեն դարձնում է խոցելի մեր ծառայությունը»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետը պնդեց, որ Հայաստանում ոչ միայն ռուսական, այլև շատ այլ երկրների գործակալներ են գործում:  

«Երևի գաղտնիք չէ, որ Հայաստանում կան եթե ոչ՝ հարյուրավոր, ապա՝ տասնյակ  բոլոր հնարավոր հետախուզությունների վրա աշխատող մարդիկ։ Ավելին, դա միայն Հայաստանում չէ, այլ բոլոր երկրներում է: Ես կարող եմ հավաստիացնել, որ այստեղ կան իրանական, չինական հետախուզության գործակալներ, ենթադրեմ նաև՝ մի շարք եվրոպական երկրների, ամերիկյան: Դա տեղեկատվություն ստանալու ընդունված ձև է: Շատ դեպքերում գործակալը կարող է անգամ այդքան էլ չֆիքսի իր համար, որ ինքը գործակալ է: Իրեն կարող է պատվիրվի վերլուծություն ինչ-որ միջնորդ կազմակերպության կողմից, բայց իրական պատվիրատուն լինի հետախուզությունը»,- ասաց Մարտիրոսյանը: