ԱՄՆ-ն Սիրիայում ռազմական ներկայությունը մեծացրել է ռուսական զինվորական ուժերի հետ բախումներից հետո․ լրատվամիջոց


16:59 , 19 սեպտեմբեր, 2020

News.am-ը գրում է.

ԱՄՆ-ն Սիրիայում ռազմական ներկայությունը մեծացրել է ռուսական զինվորական ուժերի հետ մի շարք բախումներից հետո, փոխանցում է BBC-ն։ 

ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում են տեղակայել եւս 6 «Բրեդլի» ռազմական մեքենաներ եւ շուրջ 100 զինծառայողների։

ԱՄՆ ՌԾՈւ կապիտան, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության մամուլի քարտուղար Բիլ Ուրբանի խոսքով՝ «այս քայլը երաշխավորում է կոալիցիայի ուժերի անվտանգությունը»։

«Միացյալ Նահանգները Սիրիայում որեւէ պետության հետ կոնֆլիկտ չի փնտրում, բայց անհրաժեշտության դեպքում կոալիցիայի ուժերին կպաշտպանի»,- նշված է Ուրբանի հայտարարության մեջ։

Ուրբանն այս հայտարարության մեջ կոնկրետ Ռուսաստանին չի նշել, բայց ԱՄՆ ներկայացուցչի մեկ այլ հայտարարության մեջ, որն առաջին անգամ հրապարակել է NBC հեռուստաալիքը, ավելի կոնկրետ ձեւակերպումներ կան։

«Այս գործողությունները եւ ամրացումները փոխադարձ կոնֆլիկտային պրոցեսներին հետեւելու Ռուսաստանի հստակ ազդանշանն են, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ մյուս կողմերի համար Սիրիայի հյուսիս-արեւելքում ոչ պրոֆեսիոնալ, ոչ անվտանգ եւ սադրիչ գործողություններից խուսափելու ազդանշան»,- հեռուստաալիքին ասել է անանուն աղբյուրը։

Հեռուստաալիքի աղբյուրները նաեւ նշում են, որ լրացուցիչ զորքերը եւ ռազմական մեքենաները ուղարկվել են «անվտանգության գոտի Ռուսաստանի մուտքը կանխարգելելու համար, որտեղ գործում են ԱՄՆ գլխավորած կոալիցիան եւ քրդական ուժերը»։