Կրակոցներ՝ Երևանում. «Դվին» հյուրանոցի դիմաց վիճաբանությունն ավարտվել է կրակոցով. հայտնաբերվել են փամփուշտներ և պարկուճ


12:02 , 19 սեպտեմբեր, 2020

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել Պարոնյան փողոցում գտնվող «Դվին» հյուրանոցի դիմաց, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Դեպքի վայրի զննությամբ քննիչը հայտնաբերել է դեռևս չպարզված ատրճանակի պահեստատուփ, որի մեջ եղել է 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 9 մմ տրամաչափի չկրակված փամփուշտ և 1 հատ 9 մմ տրամաչափի պարկուճ։

Մինչ քննչական խումբն աշխատում էր դեպքի վայրում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հ. Արիստակեսյանի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ա. Պապյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, այնուհետև ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ Երևանի բնակիչ՝ 33-ամյա Գեղամ Կ-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դեռևս չպարզված հրազենից կրակոց է արձակել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Պ-ի, ինչպես նաև ինքնությունը չպարզված մի քանի անձանց ուղղությամբ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Դավիթ Պ-ին, Գեղամ Կ-ին և մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, քննիչի որոշմամբ նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։