Ինչու չկա «Հանրայինը», ինչու չեն լուսաբանում մեզ, մեր հարկերով են ֆինանսավորվում. նրանք ապատեղեկատվություն են տարածում


14:45 , 18 սեպտեմբեր, 2020

Hraparak.am-ը գրում է․ 

Հագուստ ներկրող տնտեսվարողները շարունակում են իրենց բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ։ Այս պահին ակցիայի մասնակիցներից թվով 6 հոգի մտել են կառավարության շենք՝ հանդիպելու վարչապետի օգնականներ Սուրեն Ղամբարյանին ու Նաիրի Սարգսյանին։

Ակցիայի մասնակիցները շարունակում են պնդել ՝ չեն նահանջելու ,պայքարելու են այնքան, մինչեւ դրական պատասխան լինի, մաքսազերծման գները մնան նույնը։

Առևտրականները նաեւ իրենց դժգոհությունն են հայտնում Հանրային հեռուստաընկերությունից, նշում են, որ իրենց հարկերից ֆինանսավորվող հեռուստաընկերություն է, սակայն այս պահին «Հանրայինից» ոչ մի լրագրող չկա։

Նրանք նաեւ պնդում են՝ «Հանրայինը» ապատեղեկատվություն է տարածում իրենց մասով տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, իրավիճակը ներկայացնում են հօգուտ իշխանության։ Մասնավորապես դժգոհում են «Եկեք հասկանանք» հաղորդման պատրաստած ռեպորտաժից, որտեղ իրենց կարծիքը չի ներառվել։

Նշենք, որ այսօր կառավարության դիմաց են նաեւ ներքին զորքերի աշխատակիցները, ամենայն հավանականությամբ, ակցիայի մասնակիցների քանակով պայմանավորված։