16:31 , 27 հուլիս, 2013
Երեկ չէ առաջին օրը ընդամենը 5 օր տևած սոցիալական բունտը բերեց նրան, որ իշխանությունները տեղի տվեցին և վերականգնեցին տրանսպորտի հին սակագները: Ճիշտ է, խոսքը գնում է առայժմ միայն որոշման կասեցման մասին, բայց համաձայնվեք, սա եզակի ու շատ շոշափելի ձեռքբերում էր անկախ Հայաստանի պատմության ընթացքում:
Այսօր մենք տեսնում ենք, որ հաղթանակից ընդամենը 2 օր անց քաղաքապետարանի առջև հավաքվել են մի քանի տասնյակից ոչ ավել մարդիկ, և դա այն դեպքում, որ սրանից երկու օր առաջ պայքարողների թիվը կազում էր մի քանի հազար, իսկ եթե հաշվենք նաև այն մարդկանց, ովքեր չէին մասնակցում ցույցերին, բայց հետևողականորեն 100 դրամ էին վճարում, ապա մասնակիցների թիվը հաշվվում էր տասնյակ հազարավոր մարդիկ...
Ինչևիցե, էականը թիվը չէ, էականը նա է, որ այժմ քաղաքապետարանի առջև գտնվում են մարդիկ, ում գործողությունները պետք է խոստովանել, որ հակասական գնահատականների են արժանացել հանրության կողմից, ընդ որում նաև հանրության այն հատվածի, որը դեռ երկու օր առաջ ակտիվորեն մասնակցում էր ցույցերին:
Սրա պատճառներից գլխավորը թերևս նրանում է, որ, ինչպես արդեն նշեցի, կատարվածը սոցիալական բունտ էր, իսկ սոցիալական բունտերը, որպես կանոն, մարում են այն պահից, երբ լուծում է տրվում այդ բունտի պատճառ հանդիսացած սոցիալական խնդրին, այսինքն` մեր դեպքում՝ հասարակական տրանսպորտի թանկացումը: Ըստ այդմ` մարդկանց ճնշող մեծամասնությունը պայքարում էր ոչ թե իշխանությունների, քաղաքապետի, տրանսպորտի վարչության պետի դեմ, ու պայքարը ոչ թե քաղաքական էր, այլ պայքարում էր սոցիալական արդարության համար:
Սա է հենց այն տարբերությունը, որ բերեց նրան, որ հիմա քաղաքապետարանի առջև մի քանի տասնյակ հոգի են, իսկ երկու օր առաջ մի քանի տասնյակ հազար հոգի էին: Այն պահից, երբ հայտարարվեց որոշման կասեցման հրամանը, պայքարի շարունակությունը սոցիալականից վերածվեց քաղաքականի՝ քաղաքական դրսևորումներով. այն է` չինովնիկների պաշտոնանկության պահանջներ, քաղաքական ակտիվի ներգրավում, քաղաքական կոչեր ու լոզունգներ, քաղաքական ուժերի ավելի մեծ դերակատարություն:
Իսկ ճնշող մեծամասնությունը չմիացավ. ոմանք՝ նրա համար, որովհետև բավարարված են արձանագրված արդյունքով, ոմանք՝ նրա համար, որ համարում են, որ իրենց պայքարն ասենք ոչ թե Տարոնի կամ Նավասարդյանի դեմ էր, այլ հին սակագնի վերականգման միջոցով արդարության վերականգնման համար, ոմանք էլ պարզապես համարում են, որ հարցը այստեղ ոչ քաղաքապետն է, ոչ էլ վարչության պետը, խնդիրը համակարգային է և փոխարինելով անունները` դու լավագույն դեպքում լուծում ես ինչ-որ հետևանք, բայց այդ հետևանքը ծնած պատճառը մնում է ու պոտենցիալ ունի նորից նույնանման մի բան մոգոնել:
Ամեն դեպքում, պետք է պահպանել սթափությունն ու ադեկվատությունը: Այո, արդարության համար մղված պատերազմում մի ճակատամարտ հաղթանակով պսակվեց, բայց պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է տվյալ ճակատամարտը: Ալիքը նստել է, բայց ոչ մի տեղ ասված չէ, որ այն նորից չի բարձրանա ընդդեմ մեկ այլ կամ վերստին ծագած միևնույն խնդրի դեմ... Կապրենք` կտեսնենք:
Ինչ վերաբերում է քաղաքականացնել-չքաղաքականացնելուն, ապա դա արդեն, ոնց ասվում է, ճաշակի հարց է. ով ուզում է քաղաքականացման մեջ խորանա, թող խորանա, ով էլ չի ուզում, թող չխորանա: Կարևորն այն է, որ իրար չխանգարեն, իդեալներն էլ չայլասերեն իրենց նպատակների համար պայքարում: