Յուրաքանչյուր լեյտենանտ պետք է ձգտի գեներալ դառնալ. Սեյրան Օհանյան


16:11 , 27 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

Այսօր Երևանի «Հաղթանակ» զբոսայգում կայացել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտների 15-րդ հոսքի սպայական վկայականների հանձնման և Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կազմավորման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ, ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան զինվորականներ, հյուրեր, շրջանավարտների ու կուրսանտների հարազատներ:

Խորհրդանշական է, որ 402 նորաթուխ սպաները պաշտպանության նախարարից և բարձրաստիճան սպաներից իրենց ավարտական վկայականները և լեյտենանտ կոչումները ստացան «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ, ինչը պարտավորեցնում է զինված ուժերի շարքերը համալրող սպաներին ծառայության ընթացքում բարձր պահել հայ սպայի պատիվն ու արժանապատվությունը:

Երիտասարդ սպաներին իր վերջին խորհուրդներն է տվել Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը նշելով, որ «Այն որ դուք բոլոր մանագիտություններից ընտրել եք հայրենիքի պաշտպանի պատվաբեր ու չափազանց դժվարին մասնագիտությունը, վկայում է, որ մեր հայրենիքը Ձեր անհրաժեշտությունն ունի»:

Այնուհետև Վ.Սարգսյանի անվան ռազմական, Մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտների, ինչպես նաև Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազամբժշկական ֆակուլտետի շրջանավարտները ստացան սպայական վկայականներ: Շրջանավարտների հետագա զինվորական ծառայությունը օրհնեց ազգային բանակի հոգևոր սպասավոր Տեր Ենոք քահանա Եսայանը:

Հայկական բանակի շարքերը համալրող սպաներին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. «Երրորդ հազարամյակում արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար hայրենիքին անմնացորդ նվիրումից զատ, Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նաև բանիմաց սպայակազմ»:

Պաշտպանության նախարարը ընդգծել է նաև, որ այսօր ժողովրդի համար մեծ տոն է՝ «մեր պապերի և հայրերի հիշատակը հավերժացնող խորհրդանշական վայրում՝ Հաղթանակի զբոսայգում, հայ սպաներն ավարտական արարողության են մասնակցում: Ասել է թե` նրանք նաև պարտավորվում են մեր մեծերի, մեր պապերի ու ծնողների առջև, որ շարունակելու են նրանց գործը: Նրանք հաստատակամ քայլերով պետք է լրացնեն այն մեծ զորավարների կազմը, որ մենք ունեցել ենք ոչ միայն հայկական բանակում, այլ նաև Խորհրդային և մի շարք արտասահմանյան բանակներում»,- ասաց նախարարը և հավելեց, որ օրը խորհրդանշական է նաև իր համար, քանի որ «30 տարի առաջ ես ևս լեյտենանտի կոչում եմ ստացել և ապրել նույն հուզմունքը»:

Սեյրան Օհանյանը նորաթուխ սպաներին մաղթել է նաև ռազմաուսումնական հաստատություններում ստացած գիտելիքների գործնական կիրառում: Նա նաև շեշտեց, որ սպաները իրենց նվիրումով և ծառայությամբ պետք է վերացնեն բանակում դեռևս առկա որոշ թերությունները: Եվ ամենակարևորն այն է, որ` «որքան երիտասարդ հասակում իրենք հաղթահարեն ծառայության դժվարությունները, այնքան ավելի արագ առաջ կգնան իրենց ծառայողական աստիճաններով»,- շեշտել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը, հավելելով, որ յուրաքանչյուր լեյտենանտ պետք է ձգտի գեներալ դառնալ: 

Լրագրողների հետ առանձնազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է, որ տեսնելով մեր երիտասարդ սպաներին` ինքը հուզմունքի պահեր է ապրում ու նաև հպարտություն, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն այսօր մի այնպիսի աստիճանի են հասել, որ արդեն իսկ մեր սեփական ռազմաուսումնական հաստատությունները բավական բարձրակարգ, բարձր գիտելիքներով, պատրաստվածությամբ, համապատասխան հմտություններով և ունակություններով օժտված երիտասարդ, նվիրված սպաներ են պատրաստում, որոնք պետք են ոչ միայն բանակին, այլ նաև մեր հասարակությանը»: