Գտեք տրամաբանությունը Արսեն Թորոսյանի հրամանում


11:28 , 17 սեպտեմբեր, 2020

Hraparak.am-ը գրում է․

Երկրում «արտակարգ դրությունը» «կարանտինով» փոխարինելուց հետո, ինչպես ասում են, հանրապետությունում «ասողը» պարետի փոխարեն դարձավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս հրաման է արձակել, որով սահմանվում են անհատական պաշտպանության միջոցների ցանկը, դրանց կիրառման դեպքերը, սահմանափակումները, տուգանքների չափերը եւ այլն, եւ այլն։ 

Կառավարության ներկայացուցիչները հանրությանն արդեն սովորեցրել են, որ իրենց որոշումներում ու հրամաններում տրամաբանություն փնտրել պետք չէ, որ դա անօգուտ եւ անշնորհակալ գործ է, բայց, այնուամենայնիվ, որոշեցինք զբաղվել այդ գործով։

Եվ այսպես․ ըստ Թորոսյանի հրամանի՝ բնակության վայրում դիմակ կարող են չկրել բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում եւ լողափներում, սարերում, անտառներում եւ նմանատիպ բացօթյա տարածքներում,  բայց ո՛չ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական եւ կենդանաբանական այգիներում գտնվող մարդիկ։ Փաստորեն, հանգստի գոտիներում դիմակը պարտադիր չէ, իսկ զբոսայգիներում պարտադիր է։ Բացօթյա վայրերում դիմակ կարող են չկրել խուլ ու համր անձինք, որոնք շրթունքների շարժումներին հետեւելով են ընկալում խոսքը։ Հենց հրամանում նշվում է, որ այդ մարդիկ այլոց շրթունքներին հետեւելով են խոսքն ընկալում, մինչդեռ ուրիշները պարտավոր են դիմակով ծածկել իրենց շրթունքները։ Ինչպես տեսնում եք, տրամաբանությունն իսպառ բացակայում է։ Դիմակ կարելի է չկրել ծխելիս, խմելիս կամ սնվելիս, մինչդեռ ոստիկանությունը քաղաքացուն տուգանում է ընկույզ ուտելիս եւ այն սնունդ չի համարում։ Դիմակ կարող են չկրել ֆիզիկական վարժություններ իրականացնողները, սակայն մինչ այժմ անհասկանալի է՝ փողոցում քայլելը համարվո՞ւմ է ֆիզիկական վարժություն, թե՞ ոչ, քաղաքացին պետք է անպայման վազի՞, թե՞ կարող է նաեւ արագ քայլել, գուցե անպայման պիտի սպորտային հագուստո՞վ լինի․ արդյոք դրանո՞վ են ոստիկանները կողմնորոշվելու։

Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահների գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ եւ ուղերձ ունեցողները եւ միջոցառման անմիջական մասնակիցները, բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների եւ սպասարկող անձնակազմի, կարող են դիմակ չկրել, սակայն հեռուստաընկերությունների տաղավարում մեկից ավելի անձի գտնվելու պարագայում դիմակը պարտադիր է։ Փաստորեն, բազմամարդ միջոցառումների ժամանակ առանց դիմակի կարելի է, իսկ 2 հոգու պարագայում դա վտանգավոր է։