Ինձ մոտ տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները սպասում են Բայդենի հաղթանակին


09:53 , 17 սեպտեմբեր, 2020
Չգիտես ինչու, մենք ձևավորված թյուր կարծիք ունենք, որ դեմոկրատների հետ ավելի լավ ենք աշխատել կամ աշխատելու, քան հանրապետականների, հետևապես Բայդենի հետ ավելի հեշտ է լինելու, քան Թրամփի: Սրա պատճառներից մեկն այն է, որ ԱՄՆ հայ համայնքը հիմնականում բնակվում է դեմոկրատական նահանգներում, հետևաբար առավել մեծ ազդեցություն ունի դեմոկրատ օրենսդիրների վրա:

Սա իրոք թյուր ըմբռնում է, որովհետև հայ-ամերիկյան հարաբերությունների պիկը եղել է հանրապետական Բուշ ավագի վարչակազմի օրոք, և դրա շարունակության մի մասն էլ` իներցիայի ուժով Քլինթոնի օրոք, քանի որ Բուշը չվերընտրվեց 1992թ․: Այսինքն՝ հանրապետական վարչակազմերը, հետևաբար նաև Թրամփը նույնքան կարևոր են, որքան ցանկացած դեմոկրատ նախագահ: Այլ հարց է, որ մենք հանրապետականների հետ մանավանդ վերջին շրջանում աշխատել չկարողացանք և հույս ունենք, որ կկարողանանք Բայդենի հետ աշխատել:

Նման մտածողությունը ՀՀ-ին խանգարեց կայուն հարաբերություններ հաստատել Թրամփի վարչակազմի հետ, և փոխանակ աշխատեինք այդ ուղղությամբ, 4 տարի քամուն տվեցինք: Հիմա Թրամփի վերընտրման պարագայում 4 տարի էլի կորցնելո՞ւ ենք: