ՊԵԿ նախագահն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին


21:18 , 16 սեպտեմբեր, 2020

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Զոհուրիին: Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես` Մեղրիի սահմանային անցման կետի արդիականացման և ընդլայնման ծրագրի իրականացման, այդ նպատակով կնքված վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի, ինչպես նաև` Մեղրիի ազատ տնտեսական գոտու շահագործման անհրաժեշտության վերաբերյալ:

Կարևորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման նպատակով կնքված արձանագրության դրույթների իրականացման և երկկողմ ապրանքաշրջանառության աճի ավելացմանն ուղղված քայլերը: Հանդիպմանն ընդգծվել է նաև Իրանի համար Հայաստանի կարևոր դերակատարումը` որպես Եվրասիական տնտեսական միության շուկա մուտքն ապահովող տարանցման ուղի: 

Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները և պայմանավորվածություն ձեռք բերել հետամուտ լինել հետագա փոխգործակցության ամրապնդմանը:

ՀՀ ՊԵԿ ղեկավարությունը հավաստիացրել է, որ ՀՀ և ԻԻՀ միջև առևտրային հարաբերությունների զարգացմանն ու ապրանքաշրջանառության խթանմանն ուղղված բոլոր հարցերը գտնվում են ոչ միայն կոմիտեի, այլև ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում, և ՀՀ կողմից գործադրվելու են բոլոր ջանքերը՝ դրանք առավել զարգացնելու ուղղությամբ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մեղրիի սահմանային անցման կետի արդիականացման և ժամանակակից համակարգերով վերազինման հարցն ընդգրկված է նաև ՀՀ ՊԵԿ 2020-2024 թվականների ռազմավարական զարգացման ծրագրում: