Թուրք-սիրիական սահմանին առևանգված սիրիահայերի մասին դեռ տեղեկություն չկա


15:07 , 27 հուլիս, 2013

Թուրք-սիրիական սահմանին առևանգված սիրիահայերի մասին դեռ տեղեկություն չկաPanarmenian.net-ը գրում է.

Երեկ թուրք-սիրիական սահմանին առևանգված սիրիահայերի մասին մինչև այս պահը ոչ մի տեղեկություն չկա: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Սիրիայի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը միայն նշեց, որ առևանգվել է 4 հայ տղամարդ, 5-րդը վարորդն է, որը, իր տեղեկություններով, հայ չէ:

Ռեիսյանի խոսքով, զինված ապստամբները հարձակվել են Հալեպից` Երևան մեկնող միկրոավտոբուսի վրա, իջեցրել տղամարդկանց և վարորդին տարել անհայտ ուղղությամբ: Երեք հայ կանանց ազատ են արձակել, նրանք հատել են Թուրքիայի սահմանը:

Առևանգված տղամարդկանց անուններն են` Կարո Պապօղլյան, Գարեգին Հացագործյան, Նարեկ Վարժապետյան, Սաքո Ասատուրյան:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում արդեն 2 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը հասնում է 100.000-ի: Զոհված սիրիահայերի թիվը հասնում է 5 տասնյակի: Բազմաթիվ սիրիահայեր առևանգվել են, ազատ արձակվել փրկագնով: