Կայացավ Armenian-Soccer Awards 2020 մրցանակաբաշխությունը


13:06 , 16 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է.

Սեպտեմբերի 15-ին  տեղի ունեցավ Armenian-Soccer Awards 2020թ․-ի մրցանակաբաշխությունը։

Մրցանակաբաշխությունը նման ֆորմատով անցավ երկրորդ տարին անընդմեջ։ Հյուրերի թվում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները, հայկական ակումբների մարզիչները, Հայաստանի հավաքականի նախկին և ներկայիս կազմի խաղացողներ Արթուր Եդիգարյանն ու Արաս Օզբիլիսը։ Պարգևատրվեցին Armenian-Soccer.com կայքի վարկածով Հայաստանի 2019/20 մրցաշրջանի առաջնության լավագույն գոլերի հեղինակները, ինչպես նաև 2019/20 մրցաշրջանի լավագույն հայ ֆուտբոլիստը, Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը։

Հայաստանի առաջնության լավագույն գոլի հեղինակին ընտրել էին Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների ներկայացուցիչները, մարզիչները, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու Armenian-Soccer-ի փորձագիտական խումբը։ Առաջին շրջանի լավագույն գոլի մրցանակը ստացավ «Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Դավիթ Մինասյանը, երկրորդ շրջանի լավագույն գոլի համար պարգևատրվեց ներկայումս «Արարատում» հանդես եկող, իսկ նախորդ մրցաշրջանում «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն։ Առաջնության եզրափակիչ փուլի և ամբողջ առաջնության լավագույն գոլի մրցանակը ստացավ Երևանի «Նոայի» կիսապաշտպան Կիրիլ Բոռը։

2019/20 մրցաշրջանի լավագույն հայ ֆուտբոլիստին, ինչպես նաև Հայաստանի 2019/20 մրցաշրջանի առաջնության լավագույն ֆուտբոլիստին ու մարզչին ընտրել էին ֆուտբոլասերները՝ Armenian-Soccer.com կայքում կազմակերպված հարցման միջոցով։

2019/20 մրցաշրջանի լավագույն հայ ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Ակնկալվում է, որ Մխիթարյանի մրցանակը կհանձնվի ֆուտբոլիստին հոկտեմբերին, երբ նա միանա ազգային հավաքականի հավաքին։

Հայաստանի 2019/20 մրցաշրջանի առաջնության լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնվեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Մաիլսոն Լիմային։ Իսկ Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչ ճանաչվեց «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը։

Բացառությամբ Մխիթարյանի, մյուս մրցանակակիրներն իրենց մրցանակները՝ կայքի լոգոտիպով ոսկեջրած արձանիկները, ստացան միջոցառման ընթացքում։