«Շարունակելով լավ լուրերի թեման. կենդանի ոչխարի և այծի արտահանումն աճել է 256%-ով». Փաշինյան


09:18 , 16 սեպտեմբեր, 2020

Շարունակելով տնտեսական բարդությունների ֆոնին տնտեսական լավ լուրերի թեման՝ արձանագրենք, որ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի եւ այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով. արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի՝ ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի:

Այս աճը ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի եւ մանր եղջերավոր անասունների արտահանումը օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր անսացել են «ոչխար պահելու» իմ հորդորներին:

Շարունակում եմ պնդել, որ սա մեր գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է, որը նաեւ աղքատության հաղթահարման շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ, եթե, իհարկե, մեր բազմաթիվ գյուղերում բազմաթիվ գյուղացիներ ուժերը միավորելու, գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելու եւ կառավարության ընձեռած հնարավորություններից օգտվելու կամք ցուցաբերեն:

Մենք ամեն կերպ քաջալերելու ենք, որ դա իրականում տեղի ունենա: