Հ1-ի տնօրենի մրցույթին փաստաթղթեր ներկայացնելու համար 3 օր է մնացել, որևէ մեկը չի դիմել


16:19 , 15 սեպտեմբեր, 2020

Hraparak.am-ը գրում է.

Սեպտեմբերի 18-ին լրանում է Հ1-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետը, սակայն որևէ մեկն այսօրվա դրությամբ հայտ չի ներկայացրել։ Այս մասին «Հրապարակի» տեղեկությունը հաստատեցին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից։ «Կարծում եմ՝ վերջին օրերին են միշտ թողնում, ու պիկը վերջին օրերին է, էլի, լինում»,-մեկնաբանեց քարտուղարը, որն այս ընթացքում պետք է ընդուներ փաստաթղթեր։ 

Հիշեցնենք, որ Մարգարիտա Գրիգորյանի հրաժարականից հետո, վերջապես մոտ տասն օր առաջ հայտարարվեց մրցույթի մասին։ Տնօրենի  թեկնածուի որակավորման մրցութային պահանջներից են՝ բարձրագույն կրթությունը (գերադասելի է՝ հեռուստատեսային և մեդիա լրագրության ոլորտի մասնագիտական վերապատրաստման դասընթացների մասնակցություն վերջին 10 տարում), առնվազն 5 տարվա աշխատանքի փորձ հեռուստատեսային արտադրանքի կազմակերպման և իրականացման ոլորտում, ֆինանսատնտեսական գործունեության պլանավորման և կառավարման հմտություններ, մեդիային վերաբերող օրենսդրության ու իրավական ակտերի իմացություն։ Ինչպես նաև՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների բավարար իմացություն։ Եվ ևս մեկ անհրաժեշտ փաստաթուղթ՝ հեռուստատեսության զարգացման ծրագրի հիմնադրույթներ՝ 5 էջի վրա։

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցութային ժամանակավոր հանձնաժողովի կազմում են՝ 

Արա Շիրինյան՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ (հանձնաժողովի նախագահ),
Տիգրան Հակոբյան՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ,
Մխիթար Հայրապետյան՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,
Արայիկ Հարությունյան՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,
Նունե Սարգսյան՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի գործադիր տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)։