14:20 , 27 հուլիս, 2013
Երեկ քաղաքապետարանի առջև հայտարարված նստացույցի ժամանակ շենքի տարածքի կանաչապատ հատվածում, իբր խոտերը ջրելու համար, քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ակցիային խանգարելու նպատակով միացվեցին կանաչապատ տարածքի ջրերը: Այդ պահին ես և մի քանի ակտիվիստներ սկսեցինք, իրենց կողմից միտումնավոր արված քայլի՝ մեզ չխանգարելը ապացուցելու համար զվարճանալ: Պարզից էլ պարզ էր, որ այդտեղ հավաքված լրատվամիջոցներից շատերը պետք է ֆիքսեին տեղի ունեցողը և հրապարակեին իրենց կայքերում: Անկեղծ ասած, տեսանյութի շուրջ ստեղծված արձագանքը տարակուսելի և ցավոտ է անձամբ ինձ համար, քանի որ այդ ամենը ներկայացվում է բացասական լույսի ներքո և փորձ է արվում շարժումը պիտակավորել և շարժման ակտիվիստների շրջանում հիասթափության ալիք բարձրացնել: Երեկ տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան 6-օրյա լարվածության և կուտակված էմոցիաների պոռթկում, ինչի համար ես ուզում եմ ներողություն խնդրել շարժման բոլոր ակտիվիստներից և վստահեցնել, որ դա որևէ միտում չի ունեցել շարժումը պիտակավորելու կամ ինչ-որ մարդկանց հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունք դրսևորելու: Վստահ եմ, որ շարժման ընկերներս ըմբռնումով կմոտենան այս տհաճ դեպքին և չեն տրվի սադրանքներին, որոնք ուղղված են շարժմումը պիտակավորելուն և պառակտելուն: