Երևանում 26-ամյա երիտասարդը մեղադրվում է ծանոթուհուն առևանգելու և բռնաբարելու մեջ


13:23 , 27 հուլիս, 2013

Pastinfo.am-ը գրում է.

Երևանի  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում՝  դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ, օգոստոսի 1-ին կսկսվի  անձի ազատության, պատվի ու արժանապատվության ու սեռական անձեռնմխելիության ու  սեռական ազատության դեմ ուղղված  հանցագործությունների   վերաբերյալ գործով դատավարությունը: 

Այսպես, Երևանի 26-ամյա բնակիչ, նախկինում դատված Հովհաննես Հովհաննիսյանը մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 131-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով՝  որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ՝ մարդուն առևանգելը, և 138-րդ հոդվածի առաջին մասով՝ բռնաբարությունը: 

Ըստ մեղադրական եզրակացության,  Հ.Հովհաննիսյանը  2013թ.   մարտի 11-ին, ինչպես ասում են` «օրը ցերեկով»,  ժամը 14:00-ի սահմաններում՝ տեսնելով փողոցում միայնակ քայլող իր ծանոթուհուն, նրան առևանգելու նպատակով իր տրամադրության տակ գտնվող  ավտոմեքենայից վերցրել է պտուտակահանը, այն սեղմել կնոջ  մեջքին՝  որպես զենք, բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով վերջինիս կամքին հակառակ նստեցրել է ավտոմեքենան: Ապա տուժողին ծեծի ենթարկելով՝ տեղափոխել է Նուբարաշենի տարածքում գտնվող ամայի տարածք և ավտոմեքենայի սրահում կնոջ կամքին  կամքին հակառակ, բռնություն գործադրելով և սպառնալիքներ հասցնելով սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: