Հոկտեմբերին պլանավորված ԵԽԽՎ-ի նստաշրջանը չեղարկվել է


17:11 , 14 սեպտեմբեր, 2020

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական առերես նստաշրջանը կկայանա 2021 թվականի հունվարից ոչ շուտ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ԵԽԽՎ-ի փոխխոսնակ, Պետդումայի նախագահի տեղակալ Պյոտր Տոլստոյը։

«Հոկտեմբերին պլանավորված նստաշրջանը չեղարկվել է, ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանը սովորական, առերեւս ձեւաչափով եթե կայանա էլ, ապա դա կլինի հունվարից ոչ շուտ»,-լրագրողներին ասել է Տոլստոյը՝ ամփոփելով սեպտեմբերի 14-ին անցկացված Վեհաժողովի բյուրոյի նիստի արդյունքները:

Նա հիշեցրել է, որ հունվարին պետք է անցկացվեն ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղարի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների եւ Եվրոպայի խորհրդի մյուս պաշտոնատար անձանց ընտրությունները:

«Իսկ եթե ոչ բոլոր պատվիրակությունները կարողանան ժամանել առաջիկա նստաշրջանին առկա համաճարակաբանական սահմանափակումների կապակցությամբ (ինչ-որ մեկը գտնվելու է դահլիճում, իսկ մյուսը մասնակցելու է տեսակապով), ապա դա կխախտի խորհրդաժողովում հավասար իրավունքների սկզբունքը: Անարդար եմ համարում նման հիբրիդային նիստերի անցկացումը այն անձանց հանդեպ, ովքեր չեն կարողանա անձամբ ներկա գտնվել»,-ընդգծել է Տոլստոյը:

Բացի այդ, Տոլստոյի խոսքով, Բյուրոյի նիստի ընթացքում որոշում է ընդունվել հոկտեմբերի 12-13-ին եւ 22-23-ին տեսախորհրդաժողովի ձեւաչափով ԵԽԽՎ-ի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստ անցկացնելու մասին՝ ոչ միայն դրա անդամների, այլեւ բոլոր ազգային պատվիրակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: