«Դեմ առ դեմ». Պեսկովը պատմել է Պուտին-Լուկաշենկո բանակցությունների ձևաչափի մասին


16:01 , 14 սեպտեմբեր, 2020
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոն երկուշաբթի օրը Սոչիում շփվելու են դեմ առ դեմ ձևաչափով, պատվիրակությունների մասնակցություն չի նախատեսվում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ծրագրված է դեմ առ դեմ հանդիպում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ պատվիրակությունները մասնակցեն բանակցություններին:

Երկու երկրների նախագահների բանակցությունները սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ի (Երևանի ժամանակով՝ 15:00-ի) սահմաններում, հանդիպման համար ժամանակի սահմանափակում չկա: Ակնկալվում է, որ Պուտինը և Լուկաշենկոն կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման, ռազմավարական գործընկերության և դաշնակցային հիմնական հարցերը: Նախատեսվում է հատուկ ուշադրություն դարձնել Միասնական պետության շրջանակներում ինտեգրման հեռանկարներին և առևտրի, տնտեսական, էներգետիկ, մշակութային և մարդասիրական ոլորտներում խոշոր ծրագրերին: Միևնույն ժամանակ, հանդիպմանը և ասուլիսին հաջորդող համատեղ փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում:

Օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ բողոքի ցույցերի բռնկումից ի վեր սա երկու նախագահների առաջին հանդիպումն է:

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: