38.000 երեխա այսօր գնաց առաջին դասարան (Photo)


14:07 , 14 սեպտեմբեր, 2020

Այս տարի առաջին դասարանցիների, այսպես ասած, «սեպտեմբերի 1»-ը սեպտեմբերի 14-ն է: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ուսումնական գործընթացը մեկնարկում է ավանդական օրվանից 2 շաբաթ անց: Մյուս սովորողներն էլ դասի կգնան արդեն վաղվանից:

Այսօր Հայաստանում առաջին դասարան գնաց ավելի քան 38.000 երեխա: Կրթական գործընթացը պետք է իրականացվի հակահամաճարակային պայմաններին համապատասխան:

Այսպես, սահմանված կանոնների համաձայն, նախքան դպրոց գնալը՝ տանը պետք է չափել երեխայի ջերմությունը: Եթե ջերմաստիճանը 37-ից բարձր է, դպրոց հաճախել չի կարելի: Դպրոցի մուտքի մոտ ևս իրականացվում է ջերմաչափում: Մուտքը դպրոց դիմակով է՝ անկախ աշակերտի տարիքից: Երեխան իր մոտ պետք է ունենա նաև լրացուցիչ դիմակ՝ հինը նորով փոխարինելու համար:

Յուրաքանչյուր դասարանում աշակերտների թիվը չպետք է գերազանցի 20-ը: Դասասենյակներն ամեն օր պետք է օդափոխվեն 3 անգամ, ախտահանվեն 2 անգամ: Դպրոցական բուֆետների և ճաշարանների աշխատանքն արգելվում է: Դասամիջոցի ընթացքում աշակերտները դասասենյակը չեն լքում: Գրատախտակի մոտ կանչելու «ավանդույթը» ևս հանված է: Աշակերտները սովորելու են իրարից սոցիալական հեռավորության վրա: