21 նոր նախակրթարան՝ ուսումնական տարվան ընդառաջ


10:39 , 14 սեպտեմբեր, 2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ուսումնական տարվա մեկնարկին, այցելել է Արագածոտնի և Արարատի մարզեր՝ ներկա գտնվելու նախակրթարանների բացման արարողությանը:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Արագածոտնի մարզի Գեղարոտ համայնքում Ա. Հարությունյանը Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և ԿԾԿ ԾԻԳ-ի  տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի  ուղեկցությամբ շրջել է նախակրթարաններում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել մանկավարժների ու ծնողների հետ: Նախարարը շնորհավորել է համայնքների բնակիչներին նախակրթարանների բացման կապակցությամբ և նշել, որ առաջիկայում  կդիտարկվի  աշակերտներին, ծնողներին և դպրոցի աշխատակազմին հուզող հարցերի լուծման հնարավորությունները։ 

«Նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի հենասյունն է, և նման ծրագրերի արդյունքում կրթօջախների հիմնումը վաղը գրագետ և կրթված քաղաքացի ունենալու կարևոր նախապայմանն է»,-ասել է նախարարը:

Իրականացված ծրագրի արդյունքում նախակրթարանները նաև կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով:

ԿԳՄՍ նախարարի հաջորդ կանգառը եղել է ՀՀ  Արարատի մարզի թիվ 4 հիմնական դպրոցը, որտեղ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում ստեղծված նախակրթարանը իր դռները բացել է 30 սաների առաջ: 

Նախապես իրականացվել է նաև նախակրթարաններում աշխատող դաստիարակների վերապատրաստում: Ինչպես նաև՝ պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները և նորաստեղծ նախակրթարաններն ունեն նաև հարմարեցված միջավայր, և նախակրթարաններում կրթություն են ստանալու նաև սահմանափակ հնարավորություններով երեխաների կրթության համար։

ՀՀ ԿԳՄՍ նախարարը նախակրթարաններ շրջայցն ամփոփել է Գետազատ համայնքի միջնակարգ դպրոցում։ Գետազատի նորաբաց նախակրթարանն այս տարի ընդունելու է 20 սանի: 

2020 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականի նոյեմբերից և իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում և արդեն իսկ հիմնվել է 136 նախակրթարան։