Պնդումը, թե դիմակ կրելը երեխաների դեպքում խիստ պարտադիր ու անհրաժեշտ է, որևիցե գիտական հիմնավորում չունի. Պարետատան՝ աշակերտների վերաբերյալ որոշումներն անհրաժեշտ է վերանայել. Ա. Կոստանյան


00:16 , 12 սեպտեմբեր, 2020
Այն պնդումը, թե դիմակ կրելը երեխաների դեպքում խիստ պարտադիր ու անհրաժեշտ է, որևիցե գիտական հիմնավորում չունի։ Իսկ այն, որ երեխայի օրգանիզմկ առողջ աճի համար անհրաժեշտ է թթվածնային բավարար սնուցում, դա կարծում եմ պարզ պիտի լինի ցանկացածի համար։ Այս մասին գրառում է կատարել ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը:

Նա նշել է, որ Պարետատան որոշումները հատկապես աշակերտների վերաբերյալ անհրաժեշտ է վերանայել։
«ԱՌԱՋԱՐԿՍ․
1. Հանրային բաց տարածքներում, բացօթյա վայրերում դիմակ կրելու պարտադիր պայմանը հանել․ այն արդարացված և տրամաբանական չէ։

2. Դիմակ կրելու պարտադրանքը կիրառել հանրահավաքների ժամանակ, քանի որ գործնակում սոցիալական 1.5 մ հեռավորություն պահելու հնարավորությունը նվազում է,

3. Հանրային այնպիսի փակ տարածքներում, որտեղ սոցիալական հեռավորություն պահելու անհնարինություն կա, օրինակ՝ սուպերմարկետներ, առևտրի կենտրոններ, տարբեր նշանակության խանութներ և այլն, սահմանել դիմակ կրելու պարտադրանք։

4. Նախադպրոցական, հանրակրթական, արահեստագործական և միջին մասնագիտական հաստատություններում, բուհերում արդեն իսկ մշակված ուղեցույցի համաձայն կազմակերպել դասապրոցեսը՝ առանց դիմակ կրելու պարտադրանքի։

Եվ քանի որ վաղվանից ուժի մեջ են մտնում կարանտինային սահմանափակումները, և ՀՀ քաղաքացին, փաստորեն, պիտի համակերպվի նոր իրավիճակի հետ, ուրեմն Կառավարությունն իր հերթին փոխզիջումների պիտի գնա՝ հնարավորինս մեղմելով քաղաքացիների կյանքը։

Մի՛ ծանրաբեռնեք և նոր իրավիճակում էլ ավելի մի՛ բարդացրեք քաղաքացու կյանքը»։