Եղեգնուտ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. ուղիղ


12:45 , 11 սեպտեմբեր, 2020

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց։

Ասում են՝ 27 տարի ղեկավարած նախկին համայնքապետն ուզում է վերադառնալ, սակայն իրենք դեմ են։

Ավագանու անդամ Անտոն Խուրշուդյանը  լրագրողների հետ զրույցում ասաց, որ համայնքի բնակիչները հավաքվել են Կառավարության դիմաց, քանի որ ցանկանում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել:

Նա պատմեց, որ երկու տարի առաջ համայնքում ակցիա են իրականացրել, որի հետևանքով համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանն իր դիմումի համաձայն լքել է պաշտոնը, համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվելուց հետո նախկին համայնքապետը դիմել է Առաջին ատյանի դատարան, որպեսզի իր հրաժարականի դիմումը չեղարկվի և իր պաշտոնին վերադառնա:

Առաջին ատյանը դիմումը մերժել էր, քանի որ մարզպետի որոշումն առկա էր, սրանից հետո դիմել է Վերաքննիչ դատարան, որը ավագանու ներկայացմամբ՝ դիմումը բավարարել է մասնակի, որից հետո դիմել է Վճռաբեկ դատարան: Հիմա նախկին համայնքապետը ստացել է ժամանակավոր պաշտոնակատարի կնիք:

Ավագանին նշեց, որ նախկին համայնքապետն իր համար տարածք է վերցրել, ասում է, որ նա է գյուղապետը, թղթեր է ստորագրում, կնիքներ է տալիս ու ոչ ոք չգիտի, թե այդ լիազորությունները որտեղից են իրեն հասել:

«Մենք հիմա պահանջում ենք, որ նախկինը հետ չգա, մեր պահանջը հին գյուղապետի չվերադառնալն է, բայց ստացվում է, որ մենք հիմա գյուղապետ չունենք, իսկ նախկին գյուղապետը չգիտենք՝ որտեղից պեչատը վերցրել է, եկել է ու ասում է, որ գյուղապետ է, ինքնահռչակ գյուղապետ է»,- ասաց նա:

Ռազմիկ Մարգարյանը նշեց, որ խնդրի համար շատերին են դիմել, բայց հիմա միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է խնդիրը լուծել, քանի որ կասկածում են, որ մարզպետը նրան աջակցում է, քանի որ չէր կարող նախկին համայնքապետն ինքնուրույն գրասենյակ բացել, անդորրագրեր ստորագրել:

Հիմա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար պետք է  նշանակվեր համայնքապետի տեղակալը, սակայն քաղաքացիների պնդմամբ՝ մարզպետը թույլ չի տվել, որ մրցույթ տեղի ունենա:

«Մեր խաղաղ գյուղը մարզպետը խառնեց իրար: 30 տարի հանրապետականների դեմ ենք պայքարել, հիմա ինչի է մարզպետը ուզում նրանց վերադարձնել»,- ասաց համայնքի բնակիչներից մեկը: