Փաստեր պատմության ամենասարսափելի բժշկական մեթոդի՝ լոբոտոմիայի մասին


20:30 , 10 սեպտեմբեր, 2020

Պատմությանը հայտնի են մի շարք բարբարոսական բժշկական մեթոդներ, որոնցից ամենասարսափելին, սակայն, մշտապես եղել է ու կմնա լոբոտոմիան։ Այսօր վիրահատության այս տեսակը կհանդիպենք միայն ֆիլմերում, սակայն նախորդ դարի կեսերին այն իրականություն էր։

Լոբոտոմիան կամ լեյկոտոմիան վիրահատություն է, որի ժամանակ գլխուղեղի հատվածներից մեկը առանձնացվում է մյուս մասերից կամ առհասարակ հեռացվում է։ Համարվում էր, որ նման պրակտիկան կարողանում է բուժել շիզոֆրենիան։

Մեթոդը մշակել է պորտուգալացի նյարդավիրաբույժ Էգաշ Մոնիշը 1935 թ., իսկ առաջին ու փորձնական վիրահատությունը տեղի է ունեցել հենց նրա ղեկավարությամբ 1936 թ.։ Առաջին հարյուր վիրահատություններից հետո Մոնիշը հետևում էր հիվանդներին և իր հայտնագործության մասին սուբյեկտիվ դիտարկումներ անում. ըստ նրա՝ հիվանդները հանգստանում էին և զարմանալիորեն հնազանդ դառնում։

Առաջին 20 վիրահատությունների արդյունքները հետևյալն էին. 7 հիվանդ առողջացավ, 7-ի վիճակը բարելավվեց, իսկ 6-ը մնացին ունեցած հիվանդությամբ։ Սակայն լոբոտոմիան շարունակում էր անընդունելի մնալ. Մոնիշի շատ ժամանակակիցներ գրում էին, որ այդ վիրահատության փաստացի արդյունքը անձի դեգրադացիան է։

Նոբելյան հանձնաժողովը լոբոտոմիան բացահայտում էր համարում, որը նորություն էր ժամանակի համար։ 1949 թ. Էգաշ Մոնիշին ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացրին։ Հետագայում որոշ հիվանդների հարազատներ խնդրեցին հետ վերցնել մրցանակը, քանի որ լոբոտոմիան անդառնալի վնաս է հասցնում հիվանդի առողջությունն ու բարբարոսական պրակտիկա է հանդիսանում։ Սակայն խնդրանքները մերժվում էին։

Բժիշկ Ֆրիմենը լոբոտոմիան համարում էր յուրաքանչյուր խնդրի լուծում, ներառյալ ինքնահավանության կամ ագրեսիվության։ Մի անգամ նա վիրահատության ընթացքում օգտագործեց իր խոհանոցային դանակներից մեկը։ Նման «անհրաժեշտություն» առաջացել էր, քանի որ լոբոտոմիայի համար նախատեսված հատուկ գործիքը՝ լեյկոտոմը, չէր դիմանում ծանրաբեռնվածությանն ու կոտրվում էր հիվանդի գլխուղեղում։

Լոբոտոմիան ԽՍՀՄ-ում կիրառվել է 5 տարի շարունակ, սակայն արգելվել է 1950 թվականի վերջում։ Ընդունված է համարել, որ որոշումը կայացվել է գաղափարախոսական պատճառներով, քանի որ մեթոդը մեծ տարածում է գտել ԱՄՆ-ում։ Ի դեպ, Ամերիկայում լոբոտոմիան շարունակել է իրականացվել մինչև 70-ական թվականները։ Գոյություն ունի նաև հակառակ տեսանկյունը. ԽՍՀՄ-ում լոբոտոմիան արգելել են, քանի որ այն հիմնված չի եղել բավարար գիտական տվյալների վրա ու կասկածելի մեթոդ է համարվել։