Վերին Գետաշենի նախկին ղեկավարը կոռուպցիոն չարաշահումներ է թույլ տվել․ ԱԱԾ


15:46 , 9 սեպտեմբեր, 2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Մասնավորապես՝ 2016-2017 թվականներին 19552 գծամետր ընդհանուր երկարությամբ ջրագծի երկաթյա խողովակաշարն ամբողջությամբ պոլիէթիլենային խողովակներով փոխարինելու աշխատանքների իրականացման ընթացքում, նախնական համաձայնության գալով  կապալառուներ «Մեդիսոն էյբլ» և «Քեյր Բլիդինգ Սերվիզիս» ՍՊ ընկերությունների ղեկավար անձանց հետ, ինչպես նաև հաստատապես տեղեկացված լինելով խողովակաշարի շուրջ 1450 գծամետր հատվածը փոխարինված չլինելու հանգամանքի մասին, թաքցնելով 2015 թվականին ՌԴ-ում գործարարությամբ զբաղվող նշված համայնքի բնակիչների միջոցներով նույն ջրագծի երկաթյա խողովակաշարի՝ 875 գծամետրի չափով  նորով փոխարինված լինելու փաստը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի պատվերով հայտարարված ծրագրի շրջանակներում խարդախությամբ հափշտակել են 2325 գծամետր խողովակաշարի փոխարինման աշխատանքների դիմաց պետության և համայնքային բյուջեներից նշված ընկերություններին հատկացված 56.300.000 ՀՀ դրամը, և 2017 թվականի հունիսի 20-ին կազմված ակտում այդ աշխատանքները ներկայացվել են որպես տվյալ ծրագրի շրջանակներում իրականացված։

Պարզվել է նաև, որ աշխատանքների կատարման ընթացքում ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության համապատասխան իրավասու պաշտոնատար, ինչպես նաև շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորությամբ օժտված այլ անձինք, իրենց ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելու արդյունքում ոչ պատշաճ են կատարել «Մեդիսոն էյբլ» և «Քեյր Բլիդինգ Սերվիզիս» ՍՊ ընկերությունների կողմից իրականացված աշխատանքների ընդունումը, ինչն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել, այն է՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառվել պետության և Վերին Գետաշեն համայնքի իրավունքներին ու օրինական շահերին: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։