«Բժշկական գաղտնիք». ինչո՞ւ են բժիշկները մշտապես անհասկանալի ձեռագրով գրում


22:45 , 9 սեպտեմբեր, 2020

Ոչ ոքի ու երբեք չի հաջողվում կարդալ բժիշկների կողմից գրված տեքստերը։ Ոմանք կարծում են, որ բժիշկներն այդպես են գրում հատուկ, որպեսզի հիվանդը չկարողանա կարդալ ախտորոշման մասին տվյալները։ Մյուսները համարում են, որ բժիշկները պարզապես ծուլանում են գեղեցիկ ու հասկանալի գրել, իսկ հետո էլ նախատում են իրենց երեխաներին՝ տգեղ ձեռագիր ունենալու համար։ Իսկ ունի՞ արդյոք գիտական բացատրություն այս հետաքրքրական երևույթը։

Ամենայն հավանականությամբ, բժշկական տոմսերի վրա արված փնթի մասնիկները ուսանողական տարիներից են գալիս։ Երիտասարդ բժիշկները փորձում են հնարավորինս շատ ու արագ սովորել, քանի որ նրանց ապագա մասնագիտությունը լուրջ մոտեցումներ է պահանջում։ Բժիշկ-ուսանողները պետք է հիշեն մեծ ծավալի նոր ինֆորմացիա, և, իհարկե, փորձեն դա ֆիքսել թղթի վրա։

Դպրոցում բոլորին, այդ թվում՝ ապագա բժիշկներին, սովորեցնում են կոկիկ, գեղեցիկ ու դանդաղ գրել։ Համալսարանում շեշտադրումը կատարում են գիտելիքի, այլ ոչ ձեռագրի վրա, այդ իսկ պատճառով ուսանողական հենց առաջին կիսամյակի ընթացքում բոլորի ձեռագիրը կտրականապես փոխվում է։ Ապագա մասնագետները վերլուծում են տարատեսակ փաստեր՝ հիվանդության քարտեզ կազմելու համար, և դրա համար շատ են կարդում ու գրում։

Դիպլոմ ստանալուց հետո երիտասարդ մասնագետներն սկսում են իրենց բժշկական պրակտիկան։ Այդ ժամանակ գիտելիքներին փոխարինելու է գալիս ինտուիցիան, որը թույլ է տալիս մի քանի ախտանշանների հիման վրա հասկանալ, թե ինչ հիվանդության մաիսն է գնում խոսքը։ Դա հասկանալու արագությունը ևս ազդում է ձեռագրի վրա, հետևաբար հիվանդի համար գրեթե անհնար է դառնում իրեն տրված թղթի վրա գրվածից որևէ բան հասկանալը։

Այսպիսով, բժիշկների վատ ձեռագիրը ոչ թե հոգեբանական որևէ առանձնահատկության մասին է վկայում, այլ անձի ունեցած ակտիվ բժշկական պրակտիկայի։