Ադրբեջանական կողմը հաքերային հարձակման է ենթարկել Արցախի մի շարք քաղաքացիների օգտահաշիվներ՝ հրապարակելով դրանցում առկա լուսանկարներ և անձնական տվյալներ․ ԱՀ ԱԱԾ


19:09 , 8 սեպտեմբեր, 2020

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով ԱՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և սոցիալական ցանցերում մշտադիտարկման աշխատանքների ընթացքում ի հայտ է բերել, որ վերջին օրերին Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայություններն, օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, հաքերային հարձակման են ենթարկել հանրապետության մի շարք քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվներ՝ հրապարակելով դրանցում առկա լուսանկարներ և անձնական տվյալներ պարունակող տեղեկատվություն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԱԾ-ն։

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցերից օգտվող քաղաքացիներին հորդորում է ավելի ուշադիր և զգոն լինել, զերծ մնալ սոցիալական ցանցերում և նամակագրության ժամանակ անձնական տվյալների, հատկապես զինվորական ծառայության և ծառայության մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից: