Ո՞վ է կարծում, որ քաղաքացու հետ անհարգալից, խոսացող պաշտոնյան կարող է ի շահ այդ քաղաքացու որևէ տրամաբանական որոշում կայացնի


23:18 , 26 հուլիս, 2013

Տարոն Մարգարյանի երեկվա հայտարարությունը հաղթանակ էր, թե ոչ, թող ամեն մեկը որոշի իր համար: Մենք ի սկզբանե պահանջել էինք տրանսպորտի ոլորտի համակարգային փոփոխություններ: Ո՞վ է կարծում, որ քաղաքացու հետ անհարգալից, արհամարանքով խոսացող, ամեն երկրորդ բառից հետո նրան խփելու համար ձգվող, երևույթներին կրիմինալի պրիզմայով նայող պաշտոնյան կարող է ի շահ այդ նույն քաղաքացու որևէ տրամաբանական որոշում կայացնի: Ո՞վ է կասկածում, որ տրանսպորտի գների վերաբերյալ վերջին անպատասխանատու որոշումն ընդունած պաշտոնյան, ով ակնհայտ խախտում է օրենսդրությունը իր կարգավորող ոլորտում բիզնես ծավալելով, ով վախն այնքան է կորցրել, որ նույնիսկ նկարահանող լրագրողին է փորձում հայհոյել միայն նրա համար, որ լրագրողը կատարում է իր աշխատանքային պարտականությունները, շարունակելու է պաշտոնավարել նույն կերպ: Եթե մենք համակարգային փոփոխություններ ենք ուզում, ուրեմն սույն պաշտոնյաներին պաշտոնանկ անելը ես համարում եմ առաջնային հարց: Միացել եմ պայքարին առաջին օրից և այն իմ համար չի դադարել, մինչև չհասնենք նախանշված պահանջների կատարմանը: Դրա համար ես միանում եմ անժամկետ նստացույցին, համարում այն տրանսպորտի գների բարձրացված հարցի տրամաբանական շարունակությունը և ողջունում նման կերպ մտածող յուրաքանչյուրին, ով կմիանա: