Ռոբերտ Պատինսոնը վարակվել է կորոնավիրուսով եւ ընդհատել «Բեթմենի» նոր մասի նկարահանումները


08:17 , 5 սեպտեմբեր, 2020

Բրիտանացի դերասան Ռոբերտ Պատինսոնը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որը դրական է եղել, ինչի արդյունքում «Բեթմեն» ֆրանշիզայի նոր մասի նկարահանումները կրկին ընդհատվել են: Այս մասին հայտնում է The Deadline-ը։

Այժմ ֆիլմի նկարահանումներն ընթանում են Լոնդոնում։ Ինչպես պարզաբանել են The Warner Bros. կինոստուդիայում գլխավոր հերոսի դերակատարը՝ համաձայն գործող կանոնակարգերի մեկուսացված է, իսկ նկարահանումները ժամանակավորապես դադարեցվել են:

Կինոստուդիայում այլ մանրամասներ չեն պատմել՝ դա բացատրելով դերասանների անձնական կյանքի պաշտպանությամբ։

Հայտնի ֆրանշիզայի նոր ֆիլմի նկարահանումները սկսվել են 2020 թվականի հունվարին Մեծ Բրիտանիայում, սակայն դադարեցվել էին մարտին՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: Այդ ժամանակ ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսեր Մեթ Ռիվզը հայտնել էր, որ արդեն նկարահանված է նյութի քառորդ մասը։ Ֆիլմի նկարահանումները վերսկսվել են միայն վերջերս։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին:

Այն մասին, որ Պատինսոնը հաստատվել է Բեթմենի դերի համար՝ Գոթեմ Սիթիից միլիարդատեր Բրյուս Ուեյնի արկածների մասին նոր եռագրությունում, հայտնի է դարձել 2019 թվականի մայիսին: Warner Bros. կինոընկերությունն ընտրություն է կատարել Պատինսոնի եւ անգլիացի դերասան Նիկոլաս Հոլթի միջեւ։