«Մահացու» օղու գործով ձերբակալված Աշոտ Հովսեփյանը գիշերը դատարանից տեղափոխվել է հիվանդանոց


14:33 , 4 սեպտեմբեր, 2020

168.am-ը գրում է.

«Մահացու» օղու գործով ձերբակալված Աշոտ Հովսեփյանի կալանավորման միջնորդության քննությունն այս գիշեր հետաձգվել է. կասկածյալի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Տեղեկությունը 168.amի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբանը՝ Գոռ Գևորգյանը:

«Ստացիոնար բուժհետազոտության մեջ է գտնվում: Ճնշումը կտրուկ տատանվեց մինչև 180, կրծքավանդակի շրջանում արտահայտված ցավեր ուներ, մթագնած էր, այսինքն՝ հարցերին այդ պահին ոչ ադեկվատ էր պատասխանում, շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Երրորդ կարգի հաշմանդամ է, ծանր շաքարային դիաբետով է տառապում, ուղեկցող այլ հիվանդություններ ունի: Այդ սթրեսային վիճակը, մահացածների փաստն իր անվան հետ կապելու հանգամանքը, թերևս, պատճառ հանդիսացան»,- Գ. Գևորգյանը:

Նկատենք՝ նիստի քննությունը սկսվել է գիշերը ժամը 3-ի սահմաններում, իսկ թե ինչո՞ւ՝ Գ. Գևորգյանն այսպես մեկնաբանեց. «Համարում էին անհետաձգելի. երևի 72 ժամն էր լրանում»:
Պաշտպանը, սակայն, կարծում է, որ անտեղի էր նման հրատապությունը, քանի որ իր պաշտպանյալը կալանքի հիմքերով նախատեսված որևէ արարք չի կատարել և չի կատարելու. «Տա՛ Աստված, առողջանա, իր ոտքով գնալու է ներկայանա դատարան»:

Հարցին, թե ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունը արդյոք համարվո՞ւմ է քրեական գործին վերաբերող եզրակացություն, նա պատասխանեց. «Ինձ համար քրեաիրավական-քրեադատավարական կարգով՝ ՍԱՏՄ-ի հայտարարությունը ապացուցողական ուժ ունեցող փաստաթուղթ չի»:

Ավելի վաղ հայտնել  էինք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ օղիների արտադրությամբ և վաճառքով զբաղվել է արմավիրցի 50-ամյա Աշոտ Հովսեփյանը: Նա ձերբակալված է։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ու հորդորել էր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են ձեռք բերել Աշոտ Հովսեփյանից, չօգտագործել այն ու դիմել ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն: Աշոտ Հովսեփյանը ձերբակալված է:

Ավելի ուշ հաղորդագրություն տարածեց նաև ՍԱՏՄ-ն՝ մասնավորապես նշելով. «Սեպտեմբերի 1-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշառում էին կատարել 11 մարդու մահվան պատճառ դարձած տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագրավված խմբաքանակից: Փորձաքննությունը հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը, այն է՝ օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը»: