Պետական գերատեսչությունները առանց մրցույթի գնումներ են կատարում վարչապետի ընտանիքին պատկանող ՍՊԸ-ից (Photo)


21:58 , 3 սեպտեմբեր, 2020

Alternativ.am-ը գրում է․

Բոլորը հիշում են, թե ինչպես էին նախկին ընդդիմադիր Փաշինյանը և իր շրջապատի մարդիկ փնովում նախկին իշխանություններին՝ կոռուպցիայի մեջ «թաթախված» լինելու մեջ: Ընդ որում, նույն շրջանակներից բազմիցս նշվել և այժմ էլ նշվում է, որ կոռուպցիան միայն կաշառակերությունը չէ, այլև մեծ չափերի հասնող պետական հովանավորչությունը: 

Բայց արի ու տես, որ հովանավորչության դեմ պայքարելով դիվիդենտներ հավաքող նախկին հեղափոխականներն այժմ իրենք են պետական մակարդակով հովանավորչությամբ զբաղված: 

Alternativ.am-ի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը օգտվում է պետական հովանավորչությունից։ Լրատվամիջոցը, որի առևտրային անվանումը «Դարեսկիզբ» ՍՊԸ է (տնօրինությամբ Մանավազյանի), բազմիցս շահում է գնումներ պետական տարբեր գերատեսչություններից, որոնք իրականացվում են տենդերի՝ մեկ անձից գնման միջոցով և տրամաբանական արժեքից շատ ավելի թանկ գնով։ 

Առնվազն երկու դեպք, որոնք վերաբերվում են այս դեպքին, ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես, «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ՝ պարտավորվելով կատարել թերթերում տպագրման ծառայության մատուցումը (19.03.2019թ․)։ Այս ամենն իրականացվել է առանց գնում հայտարարելու, և ծառայության մատուցումը տրվել է հայտնի խմբագրությանը։

«Դարեսկիզբ» ՍՊԸ-ն պայմանագիր է կնքել նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ՝ պարտավորվելով ստանձնել պետական կարիքների համար թերթերում տպագրության իրականացումը (19.08.2019թ․)։ Այս անգամ էլ՝ գնումն իրականացվել է մեկ անձից՝ առանց մրցույթի հայտարարման և կրկին՝ բավականին պատկառելի գումարի դիմաց։ 

Մինչեւ այս ՍՊԸ-ի աշխատակիցների՝ իշխանության գալը, ըստ ֆինանսների նախարարության գնումների Armeps.am համակարգի տվյալների, այն ունեցել է 150 հազար դրամի պայմանագիր, որով տպագրման ծառայություններ է մատուցել ՏՄՊՊՀ-ին: Իսկ արդեն հեղափոխությունից հետո պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է մոտ 2 մլն դրամ: 2019-ին 1 մլն դրամից ավելի պայմանագիր է կնքել, այս տարի արդեն 840 հազար դրամի է կնքել:

ՍՊԸ-ի հիմնադիրն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որի հետ ՀԱԿ-ում թիմակից է եղել Նիկոլ Փաշինյանը: Ներկայումս այդ ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արուսյակ Մանավազյանը, որը նաեւ ԱԺ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակում 112-րդ համարն էր:

Արուսյակը, ըստ ԿԸՀ ներկայացրած ընտրացուցակի, մինչ այդ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի հաշվապահն է եղել: Ինչ վերաբերում է գործարքների գումարին, պայմանագրերից մեկով այն տեղեկատվական նյութեր է տպագրել ավելի քան 918 հազար դրամի՝ այն ժամանակ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ներքո գտնվող պետգույքի կառավարման կոմիտեի պատվերով:

Եվ որպես հետգրություն ավելացնենք՝ եթե Փաշինյանը  «անհայտ ծագման գրպանների» մասին էր խոսում ընդդիմադիր գործիչ լինելու ժամանակ,  այսօր արդեն, մեր առջև  «հայտնի գրպաններ» են, որտեղ և հոսում են պետական բյուջեի գումարները։ Թե ո՞ւմ է պատկանում «Հայկական ժամանակը» («Դարեսկիզբ» ՍՊԸ), ինչպես կասեր դասականը՝ գիտի նույնիսկ մանկապարտեզի սանը։

Միգուցե Փաշինյանն այն ժամանակ ճիշտ էր՝ «Կոռուպցիան պոզով-պոչով կենդանի ա», որ կլանում է ցանկացածի, երբ նա գիտակցում է, որ կարող է օգտագործել այդ կենդանուն և ոչ սպանել նրան։

Խմբագրական