19:07 , 26 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Վանաձորի ավագանու երեկ կայացած նիստի օրակարգում «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցն էր: Այն ՏԻՄ քննարկման առարկա դարձավ «Առաջին լրատվական»-ի` «Մշտական գործող ՍՊԸ` Վանաձորի քաղաքապետարանում» վերտառությամբ հրապարակումից հետո, որտեղ լրագրողը Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանից փորձել էր պարզել, թե ինչ հիմունքով է քաղաքապետարանի շենքի 4-րդ հարկում` ճարտարապետության բաժնին կից, բավականին մեծ` 50.7 քմ մակերեսով տարածքն օգտագործվում ճարտարապետաշինարարական նախագծման աշխատանքներով զբաղվող մասնավոր ընկերության` «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից: Քաղաքապետը պատասխանել էր, թե տարածքը վարձակալությամբ է տրվում ընկերությանը: Հարցին` իսկ երբվանի՞ց է այդ մասնավոր ընկերությունը «վարձակալությամբ» տարածք զբաղեցնում քաղաքապետարանում, Դարբինյանն անկեղծացել էր. «Շատ շուտվանից էդ հիմնարկը կա, ինչ քաղաքապետարանը ստեղծվել ա, էդ օրվանից: Դրանք դեռ նախկին Քաղսովետի ժամանակ էլ էստեղ են եղել»:
Այնուհետև «Առաջին լրատվական»-ը գրավոր կարգով քաղաքապետին խնդրել էր տրամադրել վարձակալության պայմանագիրը և պարզաբանում ներկայացնել, թե ինչու է Վանաձորի քաղաքապետարանում տեխնիկական եզրակացությունների տրամադրման և նախագծային փաստաթղթերի կազմման բոլոր աշխատանքները ճարտարապետության բաժնին կից գործող հենց այս մասնավոր ընկերությունն իրականացնում:
Ի պատասխան` Վանաձորի քաղաքապետն ուղարկել էր մի ժամկետանց պայմանագիր, համաձայն որի` քաղաքապետարանի շենքում մասնավոր ընկերությանը տարածք հատկացնելու մասին որոշումը ավագանին կայացրել է 2005 թվականին` 3 տարի ժամկետով: Պայմանագրով «օբյեկտի» 1 քմ-ի համար սահմանվել էր ամսական 300 դրամ, որը զեղչելով՝ «օբյեկտի» 50.7 քմ ընդհանուր մակերեսի համար վարձավճարի չափ էր նշվել ամսական 7605 դրամը:
Վճարումները հավաստող անդորրագրերը տրամադրելու` «Առաջին լրատվական»-ի խնդրանքին քաղաքապետն այդպես էլ չի պատասխանել: Ինչ վերաբերում է քաղաքապետարանի բոլոր պատվերները նշված ընկերությանը հանձնելուն, քաղաքապետը պատճառաբանել է, թե 2012 թ. հայտարարված` Վանաձորի ինքնակամ կառույցների տեխնիկական եզրակացությունների տրամադրման և քաղաքի նախագծահետազոտական աշխատանքների կատարման մրցույթներին միայն «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ն է հայտ ներկայացրել, որի հետ կնքվել է պայմանագիր:
Փաստորեն 22 տարի է (91 թվականից` քաղաքապետարանի հիմնադրման պահից)՝ այս մասնավոր հիմնարկը գործում է քաղաքապետարանում, որից 13 տարի` քաղաքապետ Դարբինյանի թույլտվությամբ: Քաղաքապետարանի բոլոր պատվերները կատարող ՍՊԸ-ի համար միայն անցյալ տարի է մրցույթ անցկացվել` նրա գործունեությունը փաստաթղթերով բերելով օրինական դաշտ: Իսկ տարածքը օրինական վարձակալվել է ընդամենը 3 տարի` 2005-2008 թթ.:
Քաղաքապետարանում գործող մասնավոր ընկերության գործունեության վերաբերյալ հանրային հետաքրքրությունից դրդված` քաղաքապետը երեկ ավագանու հաստատմանը ներկայացրեց 5 տարի առաջ իրավական ուժը կորցրած պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ` առաջարկելով երկարաձգել այն մինչև 2018 թվականի հուլիսի 31-ը: Զեկուցումից անմիջապես հետո նախագիծն առանց քննարկման քվեարկության դրվեց` նույնիսկ հետագա վարձավճարի չափը չհայտարարելով: Ավագանին արդեն կողմ էր քվեարկում, բայց ավագանու անդամներից Վահագն Դավիթավյանը հարց ուղղեց, թե ինչպես է, որ պայմանագրի ժամկետը 2008-ին լրանալով` ընկերության գործունեությունը չի դադարեցվել: «Գործունեությունը շարունակել են, վարձերը վճարել են,- հավաստիացրեց քաղաքապետարանի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետ, քաղաքապետի հորեղբոր տղա Վիկտոր Դարբինյանը և պատճառաբանեց անօրինական վարձակալությունը:- Ժամանակին «Նախագծող» ՍՊԸ-ի տնօրենը` ողորմածիկ Նորիկ Վեքիլյանը մահացավ, տենց իրենք…»:
Վահագն Դավիթավյանն առաջարկեց պայմանագրի ժամկետը երկարաձգել ոչ թե 5 տարով, այլ դարձյալ 3 տարով` ներկայիս գործող ավագանու լիազորությունների ժամկետով: «2005-ին, երբ որ ավագանին հաստատել է, 3 տարով է ժամկետը տվել, այսինքն՝ մինչև իր լիազորությունների դադարելը: Ավելի լավ չէ՞ մենք էլ 3 տարով տանք, երբ մեր լիազորություններն էլ կդադարեն, մեր հաջորդ ավագանին կորոշի` այդ հիմնարկը քաղաքապետարանում գործելո՞ւ է, թե՞ ոչ»,- ասաց ավագանու անդամը:
Քաղաքապետը սակարկեց առաջարկը` ժամկետը գոնե ևս 1 տարով երկարաձգելու համար: «Եթե մենք 3 տարով ենք տալիս, 3 տարին համընկնում ա նոր ընտրությունների ժամանակաշրջանին, և էդ ժամանակ… բերեք 4 տարով տանք, որ ընտրություններից դուրս ավելի հեշտ լինի, էլի: Փոխեք 4 տարի ժամանակով»,- հրահանգեց Սամվել Դարբինյանը հորեղբոր որդուն` Վիկտոր Դարբինյանին:
Դարբինյանները վերջապես հայտարարեցին, թե վարձավճարը վերահաշվարկված է` ամսական 15 000 դրամ` նախկին 7605 դրամի փոխարեն: Նույն ավագանու անդամը հարց բարձրացրեց նաև վարձավճարի չափի հետ կապված. «Արդարացվա՞ծ է 50 քմ-ի համար 15 հազար դրամ վճարել քաղաքի կենտրոնում` Տիգրան Մեծ փողոցի Հայքի հրապարակում»,- նկատեց Վահագն Դավիթավյանը: Դարբինյան եղբայրների հետ վերջինիս երկար բանավեճը քաղաքապետը եզրափակեց` հրահանգելով. «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը ձևակերպել 4 տարի ժամանակով` պայմանագրում նշելով ամսական 50 հազար դրամ վարձավճար: Միաժամանակ հայտարարեց, թե քաղաքապետարանի շենքի մյուս վարձակալների հետ ևս պայմանագրերը կվերակնքվեն նոր վարձավճարով` 1 քմ-ի համար 1000 դրամ: Ուստի ավագանու անդամ Վահագն Դավիթավյանն առաջարկեց «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի պայմանագրի երկարաձգման հարցն էլ հետաձգել մինչև ավագանու կողմից նոր սակագնի վերաբերյալ օրինական որոշում կայացնելը: Բայց քաղաքապետ Դարբինյանը պնդեց, որ երեկվա նիստում ավագանին արդեն հաստատի պայմանագրի երկարաձգման նախագիծը` նոր սակագնի մասին դեռ որոշում չկայացրած: Ավագանին քվեարկեց քաղաքապետի ցանկությամբ: Վահագն Դավիթավյանից բացի՝ ավագանու ոչ մի անդամ չմասնակցեց քննարկմանը և որևէ առաջարկ չարեց հարցի վերաբերյալ: