Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջնորդ. ՀՀ ԱԳՆ


14:46 , 2 սեպտեմբեր, 2020

Regionmonitor.com-ը գրում է.

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիային չի դիտարկում որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջնորդ:

«Թուրքիան իր պահվածքով, կարծես, իրապես ցանկանում է իրեն դրսևորել որպես հակամարտության կողմ, ինչը Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության հերթական դրսևորումն է: Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանը շրջափակման ենթարկող երկիրը՝ երկիր, որը չի ճանաչում և, անգամ, արդարացնում է Հայոց ցեղասպանությունը, փորձում է հանդես գալ որպես տուժած կողմ»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳ նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես միջնորդ և իր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ իրականացնում է հենց այս գնահատականի հիման վրա: